
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում են կատարվել անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումները՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի, Զաքարյան եղբայրներին մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարք, այն է՝ մի խումբ անձանց կողմից Մ.Զաքարյանին միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով հունիսի 9-ին ձերբակալվել է երկու անձ։
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին «Գորիս բժշկական կենտրոնից» Ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ նույն օրն իրենց մոտ է տեղափոխվել Հարութ Զաքարյանը՝ «աջ աչքի վնասվածք, կոպի պատռվածք» մարմնական վնասվածքով: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության աշխատակիցները զեկուցագրեր են ներկայացրել, որ 2015 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հարութ Զաքարյանը Գորիս քաղաքի կենտրոնական մասում վիճաբանել է Տիգրան Խաչատրյանի հետ, որից հետո գնացել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածք, որտեղ նրանց են միացել նաև այլ անձինք։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հարութ Զաքարյանին աչքի շրջանում պատճառվել է մարմնական վնասվածք: Մայիսի 4-ին Սյունիքի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «ինքնությունը չպարզված անձանց կողմից «Սդղի գյոլ» կոչվող տարածքում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ»։
Մինչդեռ տուժածի հայրը` Գագիկ Զաքարյանը, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ամեն ինչի համար մեղադրել է Սուրիկ Խաչատրյանի որդուն` Տիգրան Խաչատրյանին: Որոշ տեղեկությունների համաձայն, դեպքի վայրում երևացել են ինքը` Սուրիկ Խաչատրյանը և նրա երկրորդ որդին: Ինչպես հաղորդել է Գագիկ Զաքարյանը, այժմ իր որդին գտնվում է Մոսկվայում, որտեղ նրան վիրահատելու են, քանի որ Երևանում երիտասարդի տեսողությունը չեն կարողացել վերականգնել: