Արմինֆո. Սահմանին կրակոցների մասին ցանկացած հաղորդագրություն անհանգստացնող է, «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով բրյուսելյան հանդիպման ֆոնին սահմանային լարվածությանը:
Թե՝ արդյոք հրադադարի խախտումները Բաքվի պատասխանն են Հայաստան-ԵՄ խորացող հարաբերությունների, Կլաարը չգիտի, սակայն նշում է՝ ԵՄ-ն ուզում է տեսնել իրական, բովանդակային բանակցություններ, որոնք կհանգեցնեն խաղաղության պայմանագրին, սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություններին, հաղորդակցությունների բացմանը։
«Սրա վրա պետք է կենտրոնացնել ուշադրությունը», - ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը, շեշտելով, որ պետք է վերադառնալ առարկայական բանակցային գործընթացին։
Դիտարկմանը, թե արդեն կես տարի է՝ պաշտոնյաները խոսում են շուտով խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման մասին և հարցին, թե ինչու չի ստացվում հասնել խաղաղ համաձայնության, ԵՄ ներկայացուցիչը պատասխանել է․ «Մի քանի պատճառ կարող է լինել, բայց դատելով իմ տիրապետած տեղեկությունից, թե որտեղ է գործընթացը տարբեր ուղղություններով, ես նույնպես կարծում եմ, որ իրականում դա այդքան երկար չպետք է տևի դրական արդյունքի հասնելու համար, եթե կա քաղաքական կամք, եթե կա հանձնառություն։ Եվ մենք ուզում ենք այդ ուղղությամբ աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի հետ միասին, որպեսզի հասնենք դրական արդյունքի։ Որովհետև ես, ինչպես ասացի, կարծում եմ, որ այդքան երկար դա չպետք է տևի, եթե երկու կողմից էլ կա քաղաքական հանձնառություն»։
Հարցին, թե արդյոք Հայաստանը կարող է տեսանելի ապագայում տեղ գտնել ԵՄ համայքնում, իրեն ԵՄ անդամ համարել, Կլաարը պատասխանել է. «Չգիտեմ», սակայն Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդումը համապատասխանում է թե՛ Եվրամիության, թե՛ Հայաստանի շահերին։
«Թե ինչպես կզարգանան այս հարաբերությունները, դեռ պետք է տեսնենք: Կրկին, կարծում եմ, որ համեմատած ընդամենը մի քանի տարի առաջվա հետ, ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները զգալիորեն զարգացել են։ Բայց թե որտեղ կհայտնվենք մեր հարաբերություններում, կարծում եմ, դեռ վաղ է ասել: Դա կախված է Երևանում կայացվող քաղաքական որոշումներից։ Դա կախված է Բրյուսելում, անդամ երկրներում ընդունվող քաղաքական որոշումներից։ Եվ այս ամենը մի գործընթաց է, որում Հայաստանը նոր-նոր է սկսել հասնել որոշ տարրերի, որտեղ մենք կարող էինք մի փոքր ավելի հեռու լինել դեռ 10 տարի առաջ, բայց այդ ժամանակ, իհարկե, Հայաստանն այլ կերպ որոշեց: Եվ այսպես, մենք թերևս ետ ենք շահում մեր հարաբերություններում կորցրած ժամանակը», - ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը:
Կլաարն ուղիղ չի պատասխանել հարցին, թե արդյոք ՀԱՊԿ անդամակցությունը խոչընդոտ է դրան: «Կարծում եմ՝ հենց հիմա մենք պետք է նայենք, թե ինչ է ուզում անել Հայաստանի իշխանությունը և հայ ժողովուրդը, ուր են ուզում գնալ և ինչպես են լավագույնս տեսնում մեր հարաբերությունների զարգացումը։ Եվ կրկին, կարծում եմ, լավն այն է, որ մենք տեսնում ենք նաև անցյալ շաբաթ կայացած հանդիպման ընթացքում ԵՄ-Հայաստան հարաբերությունների իրական ամրապնդում (Բրյուսելում – խմբ.), և Միացյալ Նահանգներն այնտեղ է, որպեսզի օգնի աջակցելու Հայաստանի դիմացկունությանը։ Դա շատ կարևոր ուղերձ էր, որը, իմ կարծիքով, նախագահ ֆոն դեր Լայենը փոխանցեց վարչապետ Փաշինյանին», - ասել է եվրոպացի պաշտոնյան։
Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի ունեցավ Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումը։ Բանակցությունների մեկնարկին, մասնավորապես, Եվրահանձնաժողովի նախագահը տեղեկացրեց՝ Բրյուսելը հավելյալ 270 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին հաջորդող չորս տարիների ընթացքում՝ փոքր ու միջին բիզնեսին աջակցելու, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման նպատակով։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը ևս հայտարարեց հավելյալ օգնության մասին, այս դեպքում աջակցությունը եվրոպականից մի քանի անգամ ավելի քիչ է՝ 65 միլիոն դոլար։ Հայաստանի վարչապետը երախտագիտություն հայտնեց շարունակական այս հանձնառության համար, ընդգծեց, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել բարեփոխումներն ու Արևմուտքի հետ սերտ հարաբերությունները։