Արմինֆո.Պաշտոնական Թբիլիսին հավասարեցնում է հարաբերությունները տարածաշրջանի իր հարեւանների հետ եւ Հայաստանի հետ համագործակցության մակարդակը բարձրացնում մինչեւ ռազմավարական։ Այսօր "Հայ-վրացական ռազմավարական համագործակցություն" համաժողովի հարթակներում նման կարծիք է հայտնել "Օրբելի" կենտրոնի (համաժողովի կազմակերպիչ) փորձագետ, քաղաքագետ, հայ - վրացական հարաբերությունների մասնագետ Ջոնի Մելիքյանը:
Նա նշել է, որ չնայած անկախության բոլոր տարիների ընթացքում երկրների միջև առկա բարեկամական սերտ հարաբերություններին, այսօր երկրների միջև փոխհարաբերությունները նոր որակ են ստանում և նոր օրակարգ են ենթադրում: Այդ նոր որակը փորձագետը բացատրել է ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված նոր աշխարհառազմավարական իրավիճակով, ուժերի վերադասավորմամբ և աշխարհաքաղաքական նոր հավասարակշռություն ձևավորելու անհրաժեշտությամբ: Քաղաքագետի կարծիքով, այսօր մեծապես ռազմականացված Ադրբեջանը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար, այդ թվում՝ նաև Վրաստանի համար, որը ձգտում է հավասարակշռել իր ռազմավարական գործընկերության մակարդակը ինչպես Ադրբեջանի հետ, որի հետ դեռևս 2011թ. ստորագրվել են մի շարք ռազմավարական փաստաթղթեր, այնպես էլ Հայաստանի հետ, որի հետ գործընկերության մակարդակի բարձրացման գործընթացն էապես ակտիվացել է:
"Եթե նախկինում հայկական կողմի ոչ բոլոր մեսիջներն էին Վրաստանում ընկալվում նախաձեռնությամբ, ապա այսօր երկու երկրների ղեկավարություններն ամենայն լրջությամբ են դիտարկում համագործակցության մակարդակի բարձրացման երկուստեք ձգտումը", - նշել է Մելիքյանը: Այս համատեքստում փորձագետը նշել է, որ Թբիլիսին միշտ ձգտել է միջնորդական առաքելության Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար, սակայն այդ առաքելության հաջող իրականացման համար Վրաստանին անհրաժեշտ է հավասարակշռված հավասար հարաբերություններ ունենալ երկու հարեւանների հետ:
Այս համատեքստում է փորձագետը դիտարկում նաև Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացումը։ Նրա անձնական համոզմամբ՝ երկու բարեկամ երկրների միջև այդ գործընթացը կարող է օրինակ ծառայել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման համար, առավել ևս, որ Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերություններ ունեցող Վրաստանը դեռևս չի ավարտել այդ գործընթացը: "Հայաստանի եւ Վրաստանի միջեւ այդ գործընթացի որոշակի մոտեցումներն ու մեխանիզմները կարող են օրինակ դառնալ նաեւ Ադրբեջանի համար, որը ստիպված կլինի նույն մոտեցումները կիրառել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ աշխատանքում", - ընդգծել է Մելիքյանը: