Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի միջգերատեսչական կոմիտեի նիստի շրջանակում Հայաստան այցելած Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխին:
ԱԳՆ հաղորդագրության համաձայն, նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ բարձրաստիճան սերտ երկխոսության հիմքով ընթացող արդյունավետ համագործակցությունը՝ վկայակոչելով օրեր առաջ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի Հայաստան կատարած այցը և հաջորդիվ ընթացող ՀՀ-ԵԽ համատեղ միջոցառումները:
Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցության առանցքը հանդիսացող Հայաստան-ԵԽ 2023-2026թթ․ Գործողությունների ծրագրի կարևորությունը, որը, ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին համահունչ, օրենսդրական, ինստիտուցիոնալ և փորձագիտական կարողությունների ամրապնդման միջոցով ՀՀ-ում շարունակաբար խթանում է ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավական պետության կառուցակարգերը:
Զրուցակիցները կարևորել են նաև ՀՀ-ԵԽ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրում ներառված Եվրոպայի խորհրդի համապարփակ փաթեթը՝ ուղղված ԼՂ փախստականների միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքների հասցեագրմանը, որի շրջանակում Եվրոպայի խորհուրդը փորձագիտական օժանդակություն է տրամադրում ՀՀ իշխանություններին՝ նրանց սոցիալական, առողջապահական, կրթական, բնակապահովման, զբաղվածության իրավունքները երաշխավորելու համար:
Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ․ Գործողությունների ծրագիրը (hղումը՝ https://rm.coe.int/action-plan-armenia-2023-2026-hye/1680aa1616) շարունակական բարեփոխումների փաթեթ է, որը նախատեսում է ՀՀ դատաիրավական համակարգի, արդարադատության արդյունավետության բարձրացման, կոռուպցիայի, կիբերհանցագործությունների դեմ պայքարի, կենսաբժշկության, քրեակատարողական հիմնարկներում առողջապահության բարելավման, պրոբացիոն համակարգի զարգացման, կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև սոցիալական իրավունքների ամրապնդման, խտրականության դեմ պայքարի, տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումներ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 22,3 մլն եվրո, որից 2.8 մլն եվրոն ԵԽ-ը հատկացրել է բռնի տեղահանված ԼՂ բնակչության իրավունքներից բխող կարիքները հոգալու համար: ԳԾ-ը ֆինանսավորվում է ԵԽ-ի, ԵՄ-ի կողմից, դրան կամավոր հատկացումներ են կատարել Նորվեգիան, Գերմանիան, Շվեդիան, Նիդերլանդները, Ֆրանսիան, Իռլանդիան, Կիպրոսը, Լիխտենշտայնը: