


2015 թվականի օգոստոսի 1-ից Հայաստանի վերջնական սպառողների համար 1կՎտ/ժ էլեկտրաէներգիայի սակագինը 7 դրամով կավելանա: Այդ մասին վկայում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշման նախագիծը, որը հրապարակվել է հանձնաժողովի կայքում:
Աղբյուրի համաձայն, 1կՎտ/ժ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը 41.85 դրամից ավելանում է մինչև 48.78 դրամ, իսկ գիշերայինը` 31.85 դրամից մինչև 38.78 դրամ (ներառյալ ԱԱՀ): Հարցի վերաբերյալ վերջնական որոշումը ՀԾԿՀ կկայացնի հունիսի 17-ին նախատեսվող նիստի արդյունքների հիման վրա: Դրանով իսկ, հանձնաժողովը, փաստորեն, մերժել է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հայտը, որում առաջարկվում էր սակագները բարձրացնել 17 դրամով:
Ավելի վաղ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ
Զախարյանը հայտարարել էր, թե Հայաստանում էլեկտրաէնրեգիայի սակագնի փոփոխությունը լիովին հիմնավորված է` ՀԷՑ 37,6 մլրդ դրամի վնասների առնչությամբ, որոնք կուտակվել են ՀԱԷԿ չնախատեսված պարապուրդի, սակավաջուր տարվա և հաշվեկշռային ռեժիմների խախտման արդյունքում, որոնց համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում:
Նշենք, որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում է տեղի ունենում մեկ տարում արդեն երկրորդ անգամ: 2014 թվականի օգոստոսի 1-ից ՀԾԿՀ սեփական նախաձեռնությամբ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը բարձրացրել էր 1կՎտ/ժ դիմաց մինչև 41.85 դրամ` այն ժամանակ գործող 38 դրամի փոխարեն: Ընդ որում` գիշերային սակագինը բարձրացվեց մինչև 31.85 դրամ` 28-ի փոխարեն: Այն ժամանակ ՀԾԿՀ սակագների աճը հիմնավորում էր ֆինանսական կայություն, հուսալի և անվտանգ էներգամատակարարում ապահովելու անհրաժեշտությամբ:


