Արմինֆո.ԱՄՆ-ը և Հայաստանը շատ ակտիվ և բովանդակալից քննարկումներ են վարում անվտանգության և պաշտպանության հարցերի շուրջ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
Դիվանագետը հիշեցրել է, որ անցյալ տարի Հայաստանն ու ԱՄՆ-ն առաջին համատեղ զորավարժությունն են անցկացրել՝ 2008 թվականից ի վեր: "Կարծում եմ՝ դա շատ կարևոր ազդանշան է, որ Միացյալ Նահանգները և Հայաստանը կարող են աշխատել իրար հետ պաշտպանական ոլորտում, նաև հավելյալ ուղիներ ենք փնտրում, որ կարողանանք շարունակել այդ աշխատանքը: Մենք նաև ունենալու ենք խորհրդական, ով կարող է գալ և նստել Հայաստանի պաշտպանության նախարարության հետ՝ օգնելու կարողությունների զարգացմանը, հատկապես այն պատճառով, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնել իր մասնակցությունը այնպիսի հարցերում, ինչպիսիք են խաղաղապահությունը և այլ խաղաղ նախաձեռնություններ: Մենք ուզում ենք օգտակար լինել, և կաշխատենք և՛ ներքին բարեփոխումների ուղղությամբ, թե ինչպես Հայաստանի պաշտպանության նախարարությունը համապատասխանեցնել ժամանակակից չափանիշներին, և՛ ապա նաև, թե ինչպես ավելին անել խաղաղապահ ոլորտում», - նշել է դիվանագետը:
Ճշգտմանը՝ թե արդյոք քննարկում չկա Հայաստանին ամերիկյան զենք ու ռազմամթերք մատակարարելու շուրջ, Քվինը հավաստիացրել է. «Իրականում, մենք շարունակական քննարկում ունենք, թե ինչ կարող է Հայաստանին անհրաժեշտ լինել ռազմական ոլորտում։ Արդեն պայմանավորվել ենք մի քանի բանի շուրջ։ Այդ պայմանավորվածություններից մի բան կարող եմ առանձնացնել՝ Հայաստանը խնդրել էր շտապօգնության զրահապատ մեքենաներ, որոնցով նրանք կարող են մտնել հակամարտության տարածք, և այդ մեքենաներով տեղափոխվող մարդիկ պաշտպանված կլինեն: Մենք արդեն պայմանավորվել ենք, որ առաջ ենք գնալու այս հարցում, և այժմ աշխատում ենք դրա իրագործման եղանակների վրա, որպեսզի կարողանանք տրամադրել այդ օգնությունը: Եվ, ինչպես նշեցի, ամենատարբեր թեմաներ ենք քննարկում, և փորձում ենք տեսնել, թե որտեղ կարող ենք օգտակար լինել Հայաստանին՝ նրա պաշտպանության առումով», - ասել է դիվանագետը:
Ընդ որում, նա հերքել է շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ ամերիկացի մասնագետները կարող են համալրել ՀՀ տարածքում ԵՄ քաղաքացիական առաքելության շարքերը: "Ոչ, մենք առայժմ նման ծրագիր չունենք։ Սակայն ապագայում մենք, իհարկե, ոչինչ չենք բացառում", - ասել է Քվինը՝ պատասխանելով "Ազատություն" ռադիոկայանի հայկական ծառայության համապատասխան հարցին։