Արմինֆո. ՀՀ ներքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ ապրիլի 8-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում ադրբեջանական կողմից հրաձգային զենքից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը։
«Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։ ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե», - ասվում է ՆԳՆ հայտարարությունում:
Ուշագրավ է, որ թշնամու կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ Տեղ գյուղը չի հիշատակվել: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 8-ին՝ ժամը 22:50-ին, Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 22:55-ին Խոզնավարի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ», - ասվում է ՊՆ հաղորդագրությունում: