
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում այսօր ստորագրվել է «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առքուվաճառքի փոփոխված և լրամշակված պայմանագիր` Հայաստանի Հանրապետության, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր», «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ», «Քոնթուր գլոբալ տերրա հոլդինգս» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների միջև:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փաստաթուղթն ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը, «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Քոնթուր գլոբալ տերրա հոլդինգս» ընկերությունների լիազորված անձ/ներկայացուցիչ, ինչպես նաև «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բրանդտը:
Մինչ ստորագրման արարողությունը վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բրանդտին: Կառավարության ղեկավարը ողջունել է «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առքուվաճառքի պայմանագրի ստորագրումը` որպես երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ կարևոր քայլ: Երկու երկրների տնտեսական կապերի ընդլայնման համատեքստում վարչապետը կարևորել է նաև մայիսին Վաշինգտոնում «Առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի» ստորագրումը, որը բարենպաստ պայմաններ է ստեղծում ներդրումների ներգրավման, ապրանքաշրջանառության և առևտրի խրախուսման համար:
Ջոզեֆ Բրանդտն աննախադեպ է համարել «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առքուվաճառքի պայմանագրի ստորագրումը և ընդգծել, որ իրենք շահագրգռված են մեծածավալ ներդրումներ կատարել` Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրի արդիականացման և լիարժեք գործարկման համար:
Կողմերը փոխադարձ շնորհակալություն են հայտնել արդյունավետ աշխատանքի համար և երկուստեք վերահաստատել կառուցողական ու թափանցիկ գործընկերությունը շարունակելու պատրաստակամությունը:
Ապրիլի 22-ի նիստում Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել 180 մլն դոլարի դիմաց «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի վաճառքին ամերիկյան «Քոնթուր գլոբալ»l ընկերությանը: Նախորդ տարվա հունվարի 29-ին Հայաստանի կառավարությունը «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» (ԱՄՆ) ընկերություններ հետ պայմանագիր էր կնքել Որոտանի հիդրոկայանների համալիրի վաճառքի շուրջ: Ամերիկյան ընկերությունը պարտավորվել էր առաջիկա 6 տարում 70 մլն դոլար ներդնել «Կասկադի» վերանորոգման և արդիականացման գործում: Սակայն վաճառքի ժամանակ ծագել էին իրավական և տեխնիկական բնույթի հարցեր: Ըստ օրենքի, եթե ստորագրումից 75 օր անց պայմանագիրն ուժի մեջ չի մտնում, այն կարող է լուծվել: Սակայն Հայաստանի կառավարությունը որոշեց ավելորդ ֆորմալիզմ չդրսևորել, ելնելով ներդրողի հետ համագործակցության շահերից, նշանակում է` երկրի տնտեսության շահերից: Բացի այդ, «Ազգային ջրային ծրագրի մասին» օրենքի շրջանակում Որոտանի հիդրոկայանների համալիրի մի շարք ջրամբարներ սեփականաշնորհման ենթակա չեն: Անորոշ էր մնում նաև ջրամբարի սահմանների որոշման հարցը, մասնավորապես, թե արդյոք կարելի է դրա մեջ ներառել պատերն ու պատվարը, և ով է պատասխանատություն կրելու դրանց վիճակի համար: Այժմ այդ հարցերը կարգավորվել են:
«Որոտանի հիդրոկայանների համալիր» ՓԲԸ կազմում, որի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը մինչև գործարքը պետությունն էր, ներառված են Որոտան գետի վրա գտնվող երեք` Տաթևի, Շամբի և Սպանդարյանի հիդրոէլեկտրակայանները: Երեք կայաններն ընդհանուր հաշվով արտադրում են 404.2 ՄՎտ էլեկտրաէներգիա` 1.16 մլրդ.կՎտ ժամ տարեկան միջին նախագծային հզորությամբ: Նշենք, որ «Կասկադն» արդիականացման կարիք ունի, իսկ նշված ներդրումները խոշորագույնն են Հայաստանի տնտեսությունում` ամերիկյան մասնավոր ընկերության կողմից, ինչպես նաև ԱՄՆ առաջին կապիտալ ներդրումը Հայաստանի էներգետիկայի ոլորտում: Նյու-Յորքում տեղակայված «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությունն ունի շուրջ 3,500 ՄեգաՎատ ընդհանուր հզորությամբ 33 էներգետիկ կայաններ աշխարհի 17 երկրներում՝ Աֆրիկայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում։ «Քոնթուր գլոբալ» ընկերությունն ունի շուրջ 1650 աշխատակիցներ և հանդիսանում է ավանդական և այլընտրանքային տեսակի էլեկտրակայանների (բացառությամբ միջուկայինի) սեփականատեր և շահագործող, ներառյալ քամու և արևային էներգիան: Արևելյան Եվրոպայում՝ Բուլղարիայում, Ուկրաինայում, Ռումինիայում և Լեհաստանում ընկերությունն ունի շուրջ 1,100 ՄեգաՎատ ընդհանուր հզորությամբ կայաններ։