Արմինֆո.Հորդանանի ԱԳՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է Հին քաղաքի "Կովերի պարտեզ" կալվածքից հայերին վտարելու Իսրայելի ոստիկանության փորձերը:
Հորդանանի ԱԳՆ-ում հիշեցրել են, որ կալվածքը պատկանում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին ։ Արտաքին քաղաքական գերատեսչությունում Իսրայելի ոստիկանության այդ գործողությունները որակել են անօրինական և անընդունելի, այդ թվում ՝ միջազգային իրավունքի տեսանկյունից: "Այսպիսով խախտվում է նաև օկուպացված Երուսաղեմում առկա պատմաիրավական իրավիճակը",-հայտարարել են Հորդանանի ԱԳՆ-ում:
Իր հերթին՝ Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին, Twitter-ի (X) իր միկրոբլոգում զետեղելով երկրի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությումը, մասնավորապես , գրել է. "Երուսաղեմում 16-դարյա հայկական ներկայությունը վտանգված է Իսրայելի կողմից։ Բռնագրավելով Հայոց պատրիարքարանի հողը և շարունակելով հալածել Երուսաղեմի քրիստոնյաներին՝ Իսրայելը փորձում է փոխել Սրբազան քաղաքի ինքնությունը: Եկեղեցին դիմադրում է: Միջազգային հանրությունը պետք է աջակցի այդ դիմադրությանը", - գրել է Սաֆադին։
Նշենք, որ 2024 թվականի ապրիլի 3-ին ՝ տեղական ժամանակով ժամը 11:00-ի սահմաններում, իսրայելական ոստիկանությունը ապօրինի վտարում է սկսել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի "Կովերի պարտեզի" տարածքից ՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը, ինչպես նաև հարձակվելով հոգևորականների և տեղի հայերի վրա: Հավելենք, որ սա հին քաղաքում Հայոց պատրիարքարանի գույքն ուժով զավթելու առաջին փորձը չէ ։
Հատկանշական է, որ չնայած բոլոր հարձակումներին ՝ Հայաստանի ԱԳՆ-ում կողմնակի դիտորդի դերում են հանդես գալիս ՝ ոչ մի կերպ չարձագանքելով հայկական հազարամյա ունեցվածքի շուրջ տեղի ունեցողին ։
Հիշեցնենք, որ Երուսաղեմի հայ համայնքը 2023 թվականի նոյեմբերի 5-ից շուրջօրյա պաշտպանում է իր սեփականությունը: Միայն վերջին 150 օրվա ընթացքում նրա ներկայացուցիչները բախվել են անպատիժ հարձակումների տարափի: Պարտեզի փրկության շարժումը կոչ է անում բոլոր միջազգային կազմակերպություններին ճնշում գործադրել Իսրայելի կառավարության վրա ՝ լուծելու այս իրավիճակը, որը վտանգում է հայերի 1700-ամյա ներկայությունը Սուրբ Երուսաղեմ քաղաքում:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը պայմանագիր էր կնքել իսրայելական ընկերության հետ ՝ նրան իրավունք տալով "Կովերի պարտեզի" տարածքում կառուցել լյուքս դասի հյուրանոց ՝ մի քանի պատմական շենքեր քանդելու իրավունքով ։ Պատրիարքարանը չեղարկել է գործարքը հայ համայնքի, ինչպես նաև պաղեստինյան ինքնավարության իշխանությունների բողոքներից հետո: Դրանից հետո հայ համայնքի վրա հարձակումներ են սկսվել, վերջին հարձակումը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերի 28-ին, երբ մոտ 30 զինված անձինք հարձակվել են տեղամասի վրա ՝ մարմնական վնասվածքներ հասցնելով այնտեղ հերթապահող մի քանի հայ ակտիվիստների, այդ թվում ՝ քահանային և ճեմարանի սաներին ։