Արմինֆո.ԱՄՆ-ը նախատեսում է ավելի քան 65 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ համատեղ ճեպազրույցում:
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ աջակցում է Հայաստանի Հանրապետության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ «Մենք աջակցում ենք այն գաղափարներին, պարոն վարչապետ, որոնք ընկած են Ձեր՝ «Խաղաղության խաչմերուկ» առաջարկի հիմքում: Մենք տեսնում ենք ավելի ինտեգրված Հարավային Կովկաս՝ նոր տրանսպորտային երթուղիներով, էներգետիկ համագործակցությամբ, հեռահաղորդակցություններով։ Սա կնպաստի դիվերսիֆիկացված տնտեսություններին, հնարավորությունների ընդլայնմանը և կխթանի խաղաղության և հաշտեցման ջանքերը»,- հայտարարել է պետքարտուղարը:
Էնթոնի Բլինքենի խոսքով` հզոր ապագա կա տարածաշրջանի հետ, որն ավելի ու ավելի է ինտեգրվում, և որն օգուտ կբերի մարդկանց ու երկրներին: «Եվ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը ցանկանում են օգնել ձեզ կառուցել դա»,- ասել է Բլինքենը, հավելելով, որ անհամբեր սպասում է արդյունավետ քննարկման։
Բլինքենը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին գործընկերության համար, նշելով, որ այն մեծ նշանակություն ունի և շատ ամուր հիմք է ստեղծում նաև նրա համար, ինչ կարող է համատեղ ուժերով արվել ապագայում: «Մենք հավաքվել ենք այստեղ վերահաստատելու անդրատլանտյան աջակցությունը հայ ժողովրդի ժողովրդավարական, բարեկեցիկ ապագային և ավելի ինտեգրված ու խաղաղ Հարավային Կովկասի տարածաշրջանին: Մենք կիսում ենք հայ ժողովրդի ապագայի տեսլականը։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը լինի ուժեղ, անկախ, իր հարևանների հետ խաղաղության մեջ ապրող՝ տարածաշրջանի և աշխարհի հետ կապվածությամբ: ԱՄՆ-ն ու Եվրամիությունը ցանկանում են գործընկեր դառնալ այս հարցում. կարծում եմ, որ այս օրը այդ ամենի վկայությունն է»,- հայտարարել է Բլինքենը, հավելելով, որ անհրաժեշտ է օգտագործել հայ ժողովրդի և նրա առաջնորդների ընտրության այս պահը։
Պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ը ներդրումներ է կատարում, որոնք համահունչ են ՀՀ վարչապետի ջանքերին՝ ուղղված տնտեսական բարեփոխումներին։ «Մենք նախատեսում ենք ավելի քան 65 միլիոն դոլարի օգնություն տրամադրել։ Այս ցուցանիշը 50%-ով ավելի է, քան 2 տարի առաջ։ Մենք մտադիր ենք հետագայում ևս մեծացնել մեր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանն ու տնտեսական կայունությանը՝ ներդրումներ կատարելով պարենային անվտանգության, թվային ենթակառուցվածքների, էներգետիկայի դիվերսիֆիկացման, առևտրային գործընկերների դիվերսիֆիկացման և վարչապետի կողմից սահմանված այլ առաջնահերթությունների մեջ»,- ընդգծել է Բլինքենը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչությանն աջակցությանը՝ պետքարտուղարը, մասնավորապես, նշել է․ «Մենք կշարունակենք աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 100 հազար էթնիկ հայերին։ Սա վճռորոշ նշանակություն ունի Հայաստանի երկարաժամկետ կայունության և բարգավաճման, ինչպես նաև նրա տարածաշրջանային անվտանգության համար: Հայաստանի համար տարածաշրջանային ինտեգրումը անվտանգության և բարգավաճման բանալին է»։