Արմինֆո. Բրյուսելը պատրաստ է առաջիկա չորս տարում Հայաստանին լրացուցիչ 270 մլն եվրոյի աջակցություն տրամադրել տնտեսության զարգացման, մասնավորապես, փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցության, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման համար: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է, որ հանդիպման շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին: "Մենք այն ժամանակ հայտարարեցինք, որ պատրաստ ենք ուս ուսի կանգնել Հայաստանի հետ, եւ այժմ կատարում ենք այդ խոստումը", - հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Նրա խոսքով՝ 270 մլն եվրո դրամաշնորհային օգնությունը միտված է լինելու այն բանին, որպեսզի Հայաստանի տնտեսությունն ու հասարակությունը դառնան ավելի հզոր և դիմակայուն ցնցումների հանդեպ: "Մենք կաջակցենք ձեր բիզնեսին, ձեր տաղանդներին, հատկապես, փոքր-միջին ձեռնարկատիրությանը, որպեսզի նրանք զարգանան եւ կարողանան դուրս գալ նոր շուկաներ", - հստակեցրել է նա:
«ԵՄ-ը ներդրումներ է կատարելու Հայաստանում, առաջին հերթին, ենթակառուցվածքային նախագծերում, օրինակ, սեւծովյան էլեկտրական մալուխի նախագծում, որը ունի բազմաթիվ հնարավորություններ», -նշել է նա, հավելելով, որ դա կօգնի մաքուր, վերականգնվող էլեկտրաէներգիա արտահանել Եվրոպա։ Եվրամիությունը կաջակցի Հայաստանում ԷՎԱ գեներացման ներդրումներին, կմշակվեն առևտրի դիվերսիֆիկացման նոր միջոցներ։
Այսօր ներկայացվող աջակցության նախագիծը, ԵՀ ղեկավարի հավաստմամբ, արդեն մոբիլիզացրել է կես միլիարդ եվրո՝ ներդրումների համար ։ «Մենք կարող ենք անել ավելին: Այդ իսկ պատճառով մենք վերջերս գործարկեցինք ներդրումների համակարգման հարթակ, որպեսզի կարողանանք բացահայտել նոր նախագծեր և արագացնել դրանց իրականացումը>, - ասել է ֆոն դեր Լայենը:
Նաեւ տեխնիկական և ֆինանսական աջակցություն կցուցաբերվի պետական ապարատի զարգացմանը։ Ֆոն դեր Լայենը ողջունել է Փաշինյանի կառավարության՝ ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամությունը ՝ չնայած երկրի առջև ծառացած խնդիրներին: "Մենք նաև ողջունում ենք Ռուսաստանի նկատմամբ մեր պատժամիջոցները շրջանցելու դեմ միջոցները, որպեսզի վստահ լինենք, որ մահացու սպառազինությունն ու հանդերձանքը չեն հայտնվում ռուսական զինված ուժերի ձեռքում", - ասել է ֆոն դեր Լայենը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ում չեն մոռանում Արցախից բռնի տեղահանվածների ծանր վիճակի մասին։ <Փախստականների հումանիտար իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ առաջնահերթություն: Անցյալ տարվա սեպտեմբերից ԵՄ-ը նրանց տրամադրել է ավելի քան 30 մլն եվրո և պատրաստ է ավելին անել", - հայտարարել է ֆոն դեր Լայենը։
"Ժամանակն է նոր գլուխ բացել ԵՄ - Հայաստան հարաբերություններում. մենք կշարունակենք միասին աշխատել՝ հանուն Հայաստանի ապագայի Հարավային Կովկասի կայուն եւ բարգավաճ տարածաշրջանում", - եզրափակել է Եվրահանձնաժողովի նախագահը: