Արմինֆո. Ապրիլի 9-ին Երևանում կկայանա հայ-ղազախական գործարար համաժողով։ Այդ մասին հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:
Համաժողովին կմասնակցեն և ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևը։ Կքննարկվեն Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների, զբոսաշրջության և լոգիստիկայի զարգացմանը վերաբերող հարցեր։ Երկու երկրների գործարարների միջև տեղի կունենան B2B ձևաչափով հանդիպումներ, կստորագրվեն մի շարք պայմանագրեր և հուշագրեր։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի և Ղազախստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2023 թվականին հասել է 100.5 մլն դոլարի ՝ տարվա ընթացքում աճելով 2.4 անգամ։ Ընդ որում, արտահանումն աճել է 3.8 անգամ ՝ մինչև 71.3 մլն դոլար, ներմուծման աճը՝ 23.6% ՝ մինչև 29.2 մլն դոլար։
Ղազախստանում գործունեություն են ծավալում հայկական կապիտալով 435 ընկերություններ, Հայաստանում՝ ավելի քան 100-ը՝ ղազախական կապիտալով։