Արմինֆո. Լեգենդար "Մաշինա վրեմենի" խումբը երկարատև "երաժշտական դադարից" հետո կրկին կհանդիպի երևանյան հանդիսատեսի հետ: Համերգը տեղի կունենա ապրիլի 13-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Խմբի հայ երկրպագուների և, պարզապես, լավ երաժշտությունը գնահատողների բանակի համար այդքան սպասված իրադարձության նախաշեմին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաջողվել է մի քանի հարց ուղղել խմբի մշտական առաջատար Անդրեյ Մակարևիչին:
Հայաստանում համերգների նման երկար «ընդմիջումը» երաժիշտը բացատրել է հետեւյալ կերպ. "Մենք գալիս ենք այնտեղ, ուր մեզ հրավիրում են։ Նման համերգ կազմակերպելը բարդ գործ է։ Բայց հիմա ամեն ինչ համընկել է. մենք ելույթ կունենանք Սաշա Կուտիկովի ծննդյան օրը, որը Ռոքնռոլի միջազգային օրն է>:
Հատկանշական է, որ համերգային ծրագրում կհնչեն տարբեր տարիների երգեր, որոնք, ինչպես նշել է Անդրեյ Մակարևիչը, երևանյան հանդիսատեսը դեռ ոչ մի անգամ չի լսել կենդանի կատարմամբ:
- Անդրեյ Վադիմովիչ, յուրաքանչյուր համերգ և յուրաքանչյուր երկիր, հավանաբար, այռանձին պատմություն է ձեր խմբի համար: Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն կարող է լինել ձեր պատմությունը Հայաստանի հետ։
- Ահա և կտեսնենք։ Առաջին անգամը չէ, որ Հայաստանում ենք, բայց ընդմիջումը շատ մեծ էր, իսկ հիմա հենց Երևանից է սկսվում <Մաշինա>-ի 55 - ամյա հոբելյանական շրջագայությունը, այնպես որ՝ տեսնենք միասին:
- Իսկ ի՞նչ է Ձեզ համար ներկայացնում Հայաստանը՝ երաժշտական իմաստով, կամ ի՞նչն է Ձեզ հոգեհարազատ հայկական երաժշտարվեստում:
- Պաշտում եմ Շառլ Ազնավուրին։ Իսկ Հայաստանում վերջին երաժշտական երևույթներին, անկեղծ ասած, քիչ եմ հետևել։
- Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է փոխվել և, ընդհանրապես, արդյո՞ք փոխվել է խումբը վերջին տասնամյակում: Թե հենց սկզբից <Մաշինա>-ն չի շեղվել իր < ճանապարհից>: Եվ այս առումով հետաքրքիր է, թե որքանո՞վ է փոխվել ինքը՝ հանդիսատեսը։
- Մենք բոլորս ամեն օր փոխվում ենք, նույնիսկ, առանց որևէ տեղ շրջվելու: Քանի որ աշխարհը փոխվում է: Եվ հաճախ, ավաղ, ոչ դեպի լավը։
- Այո, հիմա մենք սարսափելի ժամանակներում ենք ապրում. աշխարհի տարբեր կետերում մարդիկ են զոհվում, և վաղվա օրվա նկատմամբ վստահություն չկա: Որքան հիշում եմ, Երևանում <Ստարմուս> փառատոնին մասնակցելու շրջանակներում (2022թ. սեպտեմբեր - խմբ.) Դուք խոսում էիք այն մասին, որ երաժշտությունը նախկինում փոխում էր մարդկանց գիտակցությունը։ Իսկ ի՞նչ է պատահել այսօր երաժշտության հետ: Այն ի վիճակի՞ չէ ազդել մարդկանց գիտակցության վրա, որոնք, օրինակ, պետական մակարդակի որոշումներ են կայացնում, թե՞ մարդկանց հետ ինչ-որ բան է պատահել։
- Պետական մակարդակի մարդկանց վրա երաժշտությունը, իմ կարծիքով, երբեք չի ազդել։ Իսկ, ընդհանուր առմամբ, այն կորցրել է 60-70-ականների մարգարեական ուժը: Հուսով եմ ՝ ոչ մինչև վերջ:
- Իսկ այդ դեպքում, ըստ Ձեզ, ո՞րն է երաժշտության ուժը, այդ թվում ՝ նման բարդ ժամանակաշրջանում:
- Իսկական երաժշտությունը մարդկանց ավելի լավն է դարձնում, թեկուզ՝ որոշ ժամանակով: Պետք չէ, միայն, գերագնահատել նրա ուժը։
- Ակնհայտ է, որ աշխարհին հիմա պակասում է խաղաղությունը, իսկ ի՞նչն է պակասում այսօր երաժշտական աշխարհին:
- Նոր բացահայտումներ: Քանի որ առևտրային մոտեցումը դրանք չի ենթադրում:
- Եվ, վերջում, կցանկանայի հարցնել. արդյո՞ք մենք այն ամենի լույսի ներքո, ինչ տեղի է ունենում, կգտնենք, այնուամենայնիվ, "լուսավոր տեղ":
- Վաղ թե ուշ։ Հուսով եմ: