Արմինֆո.ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի հարցմամբ ապրիլի 2-ին բաց նիստ կանցկացնի՝ կապված Սիրիայում Իրանի դիվանագիտական օբյեկտին Իսրայելի հարվածի հետ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
"Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդային հարձակումից հետո իրանցիները դիմել են ՄԱԿ-ի ԱԽ՝ խնդրելով դատապարտել այդ գործողությունը։ Ի զարգացումն իրանցիների նամակի՝ մենք ՄԱԿ-ի ԱԽ բաց նիստ ենք պահանջել։ Մալթայի նախագահությունն այն նշանակել է ապրիլի 2-ին՝ Նյու Յորքի ժամանակով ժամը 15:00 - ին",- գրել է նա Telegram-ի իր ալիքում:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը Դամասկոսում Իրանի հյուպատոսության ուղղությամբ Իսրայելի ավիահարվածը որակել էր վախկոտ ահաբեկչական գործողություն և ՄԱԿ-ի կանոնադրության աղաղակող խախտում՝ համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդին կոչ անելով դատապարտել հրեական պետության հարվածը և միջոցներ ձեռնարկել:
Նշենք, որ ապրիլի 1-ին հայտնի է դարձել, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքին ։ Սիրիայում ԻԻՀ դեսպան Հոսեյն Աքբարին հաղորդել է, որ գնդակոծության զոհ կարող էին դառնալ իրանցի դիվանագետներն ու ռազմական խորհրդականները, որոնք գտնվում Էին շենքում: Հարձակման հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին, ինչպես նաև նրա տեղակալը՝ ԻՀՊԿ գեներալ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին և ԻՀՊԿ ևս 5 ռազմական խորհրդականներ: Հարձակման զոհերի ընդհանուր թիվը, վերջին տվյալներով, հասել է 11-ի։ Զոհվածներից երեքը սիրիացիներ են, ևս մեկը ՝ լիբանանցի։
Հավելենք, որ այսօր հայտնի է դարձել, որ Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի տեղակալ Աբրամ Փեյլին այցելել է Ադրբեջան, որտեղ հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի, փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի, Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի, ինչպես նաև Իսրայելի դեսպան Ջորջ Դիկի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանին, Իրանին, պատժամիջոցների սահմանմանն անռչվող հարցեր։