Արմինֆո.Ապրիլյան քառօրյա՝ մեր երկրորդ հերոսապատումը։ Այդ մասին գրել է "Մարդկային զարգացման միջազգային կենտրոն" հասարակական կազմակերպության տնօրեն Թևան Պողոսյանը:
«Տղերք դժվար էր, բայց դուք արեցիք։ Արեցիք ու պահեցիք։ Պահեցիք ու պատվիրակեցիք, որ էլի ու կրկին պետք է անենք։ Շնորհակալություն տղերք՝ անմահացած հերոսներիդ ու կենդանի նվիրյալներիդ:
Մեր հարցը սերունդների խնդիր է ու պետք է ձեր արածի և Հայրենիքի հանդեպ մեր պարտքը վերդարձնենք մի օր», - գրել է Պողոսյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Հիշեցնենք, որ 8 տարի առաջ ՝ 2016 թվականի ապրիլի 2-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈՒ-ն լայնածավալ ռազմական ագրեսիա իրականացրեց Արցախի դեմ, որն ուղեկցվել է պատերազմական հանցագործություններով, պատերազմի օրենքների և սովորույթների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով: Ապրիլյան ռազմական գործողություններն ամենամասշտաբայինն էին 1994 թվականի մայիսի հրադադարի շուրջ համաձայնագրից հետո։ Ապրիլի 2-5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ իրենց գերազանց են դրսևորել հայկական բոլոր զորամասերը, ներառյալ հրետանավորները, տանկիստները և հակատանկային ստորաբաժանումները:
Ինտենսիվ մարտերի ընթացքում Արցախի Պաշտպանության բանակի ջոկատները ոչնչացրել են հայկական կողմի դիրքերի վրա հարձակողական 2 ադրբեջանական ուղղաթիռ, 26 տանկ, ինչպես նաև 14 անօդաչու թռչող սարք, 1 ԲՄ-21 ("Գրադ") հրթիռահրետանային կայանք, 4 ՀՄՄ և 1 ինժեներական կայանք:
Շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը կորցրել է 64 զինծառայող, 13 կամավոր, 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է ավելի քան 120 մարդ, ևս 9 զինծառայող զոհվել է ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումից հետո՝ մինչև ապրիլի 13-ն ընկած ժամանակահատվածում, մի քանիսը մահացել են ավելի ուշ՝ հոսպիտալներում: Ելնելով նույն տարվա մայիսի 16-ին Վիեննայում Պետդեպարտամենտի ներկայացրած տվյալներից ՝ պարզ է դառնում, որ բացի հայկական կողմի 81 կորուստներից, զոհվել է մոտ 270 ադրբեջանցի: Միևնույն ժամանակ, Bellingcat միջազգային հետազոտական խմբի վերլուծաբանները Բաքվի կորուստները գնահատում են 400-500 սպանված զինվոր: