Արմինֆո.Պետդեպարտամենտը զգուշացնում է և շարունակելու է զգուշացնել հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել սրացման և ռազմական գործողությունների Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Ի պատասխան Հայաստանի հետ սահմանին իրավիճակը սրելու Ադրբեջանի փորձերին գնահատական տալու խնդրանքին՝ Միլլերը փաստել է, որ, իսկապես, Ադրբեջանի կառավարությունը հանդես է եկել որոշակի հայտարարություններով: "Նշեմ, որ ԵՄ դիտորդական առաքելությունը երեկ հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանին եղել է հանգիստ, առանց զորքերի կամ հրետանու որևէ արտառոց տեղաշարժի ՝ չնայած այդ հայտարարություններին: Մենք զգուշացնում ենք և շարունակելու ենք զգուշացնել հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել էսկալացիայի և ռազմական գործողությունների Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Մենք շարունակում ենք խրախուսել արդար և արժանապատիվ խաղաղության համար պայմանների ստեղծումը մի տարածաշրջանում, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները: Եվ, ինչպես դուք բազմիցս լսել եք, ինչպես ես ասել եմ այս ամբիոնից, կայուն խաղաղություն ապահովելու միակ միջոցը բանակցություններն են", - նշել է ԱՄՆ պաշտոնյան։ Միլլերը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է բացատրել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին, որ սրացումը չի բխում որևէ մեկի շահերից:
Անդրադառնալով ճշգրտող հարցին, թե արդյոք Ադրբեջանը հրավիրվել է Հայաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև ապրիլի 5-ին նախատեսված բանակցություններին, ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հիշեցրել է, որ առաջիկա բանակցությունները նվիրված են ՀՀ-ում բարեփոխումներին, նրա ժողովրդավարությանը, տնտեսությանը և կայունությանը: "Խաղաղության գործընթացն այդ հանդիպման ուշադրության առարկա չէ։ Դա ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի հանդիպումն է՝ քննարկելու տնտեսության դիվերսիֆիկացումը, մարդասիրական օգնությունը, փախստականներին աջակցությունը և աջակցությունը Հայաստանի քաղաքական բարեփոխումներին՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը: Դա տարածաշրջանային հանդիպում չէ", - ամփոփել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Նշենք, որ մարտի 30-ից Ադրբեջանը տարբեր բնույթի ապատեղեկատվություն է տարածում Հայաստանի հետ սահմանին իրավիճակի վերաբերյալ ։ Փորձագետները հակված են կարծելու, որ այդ կերպ թշնամական կողմը նոր հող է նախապատրաստում ագրեսիայի համար։