Արմինֆո.Ադրբեջանական կողմը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու ակտիվ արշավ է սկսել: Մարտի 30-ից հակառակորդը տարբեր բնույթի տեղեկություններ է տարածում, թե, իբր, հայկական կողմն ուժեր է կուտակում Ադրբեջանի հետ սահմանին։ Իսկ գիշերը թշնամական կողմը Հայաստանին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու համար։
Այդ առնչությամբ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 1-ին` ժամը 22։00-ից 22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը 00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ուղղություններում խախտումներ չեն արձանագրվել»: