Արմինֆո. Հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներն ակնհայտ են։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Բուենոս Այրեսում TN-ին հետ հարցազրույցում։
Հարցին, թե արդյոք կարելի է ասել, որ Հայաստանը ծավալվում է դեպի Արևմուտք, Միրզոյանը պատասխանել է, որ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է և ցանկանում է ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները: "Մենք տեսնում ենք, որ, օրինակ, ԱՄՆ-ն և Եվրամիությունը հիմնական գործընկերներ են։ Մենք նաև տեսանք, որ ԵՄ-ը պատրաստ է քաղաքացիական առաքելություն ուղարկել, և սահմանին իրավիճակը զգալիորեն բարելավվել է, նրանց ներկայությունը մեծապես նպաստում է խաղաղությանը տարածաշրջանում և, մասնավորապես, Հայաստանում", - նշել է Միրզոյանը։
Նախարարի խոսքով՝ Ռուսաստանը 2020 թվականին խաղաղության երաշխավորներ է ուղարկել Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը դիտարկելու համար, սակայն Հայաստանի սահմանին բազմաթիվ հարձակումներ են եղել։ Միևնույն ժամանակ, նա անբավարար և ոչ համարժեք է որակել դաշնակիցների արձագանքը ագրեսիայի այդ գործողություններին: "Անվտանգության մեխանիզմները, որոնք մենք ունեցել ենք մի քանի տասնամյակ, չեն աշխատել։ Այդ պատճառով մենք ստիպված ենք եղել Եվրամիությանը խնդրել գալ եւ հետեւել իրավիճակին։ Այժմ մենք խորացնում ենք տնտեսական և քաղաքական հարաբերությունները Բրյուսելի և Վաշինգտոնի հետ։ Ես դա շրջադարձ չէի անվանի, մենք փորձում ենք ապահովել մեր անվտանգությունը, զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, եւ դրա համար մենք տեսնում ենք, որ Արեւմուտքում կան լավ գործընկերներ", - հավելել է Հայաստանի արտգործնախարարը։
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առկա հարաբերություններին գնահատական տալու խնդրանքին ի պատասխան՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է այնպիսի ոլորտներում փոխգործակցության մասին, ինչպիսիք են տնտեսությունը, առեւտուրը, անվտանգությունը եւ այլն: "Բայց պետք է ընդունել, որ մենք նույն լեզվով չենք խոսում։ Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա խնդիրները հնարավոր չէ թաքցնել", - ասել է Միրզոյանը։
Ճշգրտող հարցին՝ թե արդյոք կա Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հավանականություն, ՀՀ ԱԳ նախարարը վստահեցրել է, որ չի կարող նախապես խոսել: Ընդ որում, նա հավելել է, որ Հայաստանն ակնկալում է գոյություն ունեցող պայմանագրերի շրջանակներում Ռուսաստանի գրավոր պարտավորությունների կատարում ՝ իր տարածքային ամբողջականության մասով ։
Իսկ հարցին՝ թե արդյոք Հայաստանը ծրագրում է մերձենալ ՆԱՏՕ-ի հետ, Միրզոյանը հիշեցրել է, որ Երեւանն արդեն համագործակցություն ունի Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: "Մենք մասնակցում ենք Աֆղանստանում խաղաղության պահպանման գործողություններին, մեծացնում ենք ներկայությունը Կոսովոյում, դա համագործակցության ձեւ է։ Եթե խոսքը գնում է ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրության մասին, ապա՝ ոչ։ Այսօր այդ հարցը Հայաստանի օրակարգում դրված չէ", - ասել է նա։
Ընդ որում, Միրզոյանը խոստովանել է, որ Հայաստանն ունի եվրոպական ձգտումներ։ "ԵՄ պարագայում կարող եմ ասել, որ հայերն, իսկապես, եվրոպական նկրտումներ ունեն։ Եվ ես կցանկանայի մեջբերել այն, ինչ վերջերս ասել էր ՀՀ վարչապետը Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ. "Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին մոտենալ այնքանով, որքանով ԵՄ - ն հնարավոր է համարում", - եզրափակել է Միրզոյանը: