Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ իր գլխավորած "Արդարություն և զարգացում" կուսակցությունը չի կարողացել ցանկալի արդյունքների հասնել մարտի 31-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:
"2023 թվականի մայիսի ընտրություններում մեր հաղթանակից ինը ամիս անց, ցավոք, մենք չկարողացանք ստանալ այն արդյունքը, որը ցանկանում էինք և ակնկալում էինք մունիցիպալ ընտրություններում։ Արդյունքները կվերլուծվեն, մենք դա կանենք ինքնաքննադատաբար և օբյեկտիվորեն։ Ժողովուրդը քվեատուփերի միջոցով մեզ է փոխանցել իր ուղերձը, իր կամքը և նախազգուշացումները", - նշել Է հանրապետության նախագահը ՝ ելույթ ունենալով իշխող "Արդարություն և զարգացում" կուսակցության շտաբում:
Էրդողանը հայտարարել է, որ ինքն ու իր կուսակցությունը չեն անտեսի կամարտահայտման արդյունքները։ "Մենք չենք անտեսելու մեր ազգի որոշումը, չենք գործելու նրա կամքին հակառակ եւ կասկածի տակ չենք դնելու նրան", - պարզաբանել Է նախագահը, հստակեցնելով, որ առաջիկա 4-5 տարում իր գլխավորած ԱԶԿ-ն եւ վարչակազմը կուղղեն "թույլ տված սխալները", հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում է "Անադոլու"-ն, Էրդողանը հավաստիացրել է, որ Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները թուրքական ժողովրդավարության դրսևորում են: "Անկախ արդյունքներից՝ այս ընտրություններում հաղթողը լինելու է, առաջին հերթին, մեր ժողովրդավարությունը, մեր ժողովրդի կամքը։ Ընտրական մարաթոնի հաղթողներն, առաջին հերթին, ոչ թե թեկնածուներն են, այլ Թուրքիան՝ երկրի բոլոր 85 միլիոն քաղաքացիները՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից", - ասել է Թուրքիայի նախագահը։ Նա խոստացել է շարունակել աշխատանքը Թուրքիայի յուրաքանչյուր բնակչի բարեկեցության, անվտանգության բարելավման և ապագայի հույսերի իրականացման ուղղությամբ, ինչպես նաև ուժեղացնել երկրի միջազգային դերը:
Մարտի 31-ին Թուրքիայումտեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությաանը մասնակցել են 34 քաղաքական կուսակցությունների թեկնածուներ, այդ թվում ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող "Արդարություն և զարգացում" կուսակցությունը, ինչպես նաև անկախ թեկնածուներ: Պետական TRT հեռուստաալիքի վերջին տվյալների համաձայն, որը լիազորված է հրապարակել քվեարկության արդյունքները, մշակվել է ընտրատեղամասերի արձանագրությունների 91,34 տոկոսը: Հիմնական ընդդիմադիր "Ժողովրդահանրապետական" կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում ստանում է ձայների 37,35 տոկոսը, իշխող ԱԶԿ - ն ՝ 35,75 տոկոսը: Ընդդիմությունը վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ հաղթանակ է տարել հանրապետության բոլոր խոշոր քաղաքներում, այդ թվում ՝ Ադանայում, Անկարայում, Անթալիայում, Բուրսայում, Իզմիրում, Ստամբուլում: "Սյոզջու" հեռուստաալիքը ջախջախիչ է որակել կառավարող կուսակցության պարտությունն ընտրություններում: