Արմինֆո. Վաղ առավոտից ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամների, աջակիցների բնակարաններում, Բևեռի գրասենյակներում: Այդ մասին հաղորդել է ԱԺԲ մամուլի ծառայությունը:
«Ոստիկանության և ԱԱԾ-ի ներկայացուցիչները առավոտյան ժամը 07:30-ից սկսած ներխուժում են տներ և խուզարկում: Նախնական տեղեկություններով մոտ 40 խուզարկություն է կատարվել, առգրավվել են համակարգիչներ, բջջային հեռախոսներ: Այս պահի դրությամբ, մեր ունեցած տեղեկություններով, խուզարկությունը շարունակվում է Բևեռի կենտրոնական գրասենյակում», - ասվում է Բևեռի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին երեք զինված տղամարդիկ փորձել էին մուտք գործել Նոր Նորքում գտնվող ոստիկանության շենք։ 55-ամյա Ա.Մ. - ն նռնակ է պայթեցրել, ինչի հետևանքով ինքն ու 51-ամյա Վ. Գ. - ն վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Ուժայինները վնասազերծել են 34-ամյա Ս.Հ. - ին, ում մոտ հայտնաբերվել է 4 նռնակ: Երեքից երկուսը ձերբակալված են, երրորդն առայժմ ձերբակալվածի կարգավիճակ ունի և գտնվում է ստացիոնար բուժման մեջ: Երեքին էլ մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության և հրազենի ապօրինի շրջանառության համար։