Արմինֆո. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր այսօրվա հայտարարություններով Ադրբեջանին Հայաստանի վրա հարձակվելու լեգիտիմ հիմքեր է տալիս: Նման կարծիք է հայտնել "Հայաստան" դաշինքի ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը կասկածի տակ է դրել Տավուշի մարզի մի շարք տարածքների պատկանելությունը ։ "Ես փնտրում և չեմ գտնում նրանց, ովքեր համարում են և կարող են ապացուցել, որ այդ գյուղերը Հայաստանի Հանրապետության տարածքն են", - ասել է Սիմոնյանը: Հարցին, թե ինչպես են իշխանությունները որոշում երկրի սահմանները, և՝ ինչ քարտեզներով, որոնք դեռ չկան, Սիմոնյանն պատասխանել է, թե իշխանությունները միլիմետրի ճշգրտությամբ գիտեն ՀՀ սահմանները:
«ԱԺ նախագահ հանդես եկող անձը հայտարարել է, թե փնտրում է այն մարդկանց, որոնք կասեն, թե դրանք ՀՀ տարածք են: Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ՀՀ-ն օկուպացրել է Ադրբեջանից տարածքներ, և, որ Ադրբեջանը կարող է դրանք հետ վերցնելու պատրվակով ցանկացած պահի հարձակվել:
Սրանով լեգիտիմ հիմքեր են տալիս Ադրբեջանին ՀՀ-ի վրա հարձակում գործելու համար:
ԱԺ նախագահ կոչվածը, փաստորեն, ՀՀ-ին համարում է ագրեսոր պետություն և, առանց որևէ դելիմիտացիոն և դեմարկացիոն գործընթացի, իր շեֆի օրինակով հայտարարում, թե ՀՀ-ի այս կամ այն մասը պատկանում է թշնամուն:
Երկրի առաջին դեմքերից մեկը ուղիղ ասում է թշնամուն, որ մեր բանակը կանգնած է Ադրբեջանի տարածքում, և վերջինս հանգիստ կարող է մտնել ու գերեվարել 100-ավոր սահմանապահ հայ զինվորների:
Ահա թե ովքեր են իրականում պատերազմի կոչ անողները և պատերազմ բերողները:
Հ.Գ. Փնտրելու կարիք չկա. այդ մարդիկ Տավուշում են և սպասում են իրեն», - դրել է Դանիելյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Տավուշի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպառնացել էր պատերազմով, եթե հայկական կողմը հրաժարվի 4 գյուղ Բաքվին հանձնելուց: Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման և տարածքային զիջումների թեման կրկին արդիականացել է այն բանից հետո, երբ մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակում հայտարարեցին, որ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակներում "անհապաղ պետք է լուծվեն 4 էքսկլավային գյուղերի ազատման հարցերը" ։