Արմինֆո. Երևանում բացառիկ համերգով հանդես կգա լյուտնյայի հանրահայտ վարպետ Հոփկինսոն Սմիթը (ԱՄՆ / Շվեյցարիա): Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հաղորդագրության համաձայն, համերգը տեղի կունենա մարտի 30-ին, ժամը 19։00-ին՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։
«Բազում երաժշտական մրցանակների դափնեկիր Հոփկինսոն Սմիթը միջազգային շրջանակներում լայն ճանաչում է ձեռք բերել Վերածննդի և Բարոկկո ժամանակաշրջանների երաժշտության իր վիրտուոզ մեկնաբանությունների շնորհիվ: Սմիթի անզուգական վարպետությունն ամենաբարձր գնահատականին է արժանացել համաշխարհային հեղինակավոր հրատարակությունների և քննադատների կողմից: San Francisco Chronicle-ը վերջինս ճանաչել է որպես «աշխարհի լավագույն լյուտնիստ», իսկ Gramophone պարբերականն անվանել «լյուտնյայի բանաստեղծ»:
Երաժշտի երևանյան համերգը հավակնում է մի անմոռանալի երաժշտական իրադարձություն դառնալ։ Այդ երեկո «Առնո Բաբաջանյան» համերգասրահի հանդիսատեսը մտովին կտեղափոխվի Վերածննդի և Բարոկկո դարաշրջանների բարձրարվեստ և տպավորիչ աշխարհ:
Հոփկինսոն Սմիթը խարիզմատիկ կատարումներով և խորը երաժշտական արտահայտչականությամբ ունկնդիրներին կներկայացնի 16-17-րդ դարերի անգլիական և իտալական երաժշտության բացառիկ նմուշներ։ Համերգը եզակի հնարավորություն է երաժշտասերների համար կենդանի կատարմամբ ունկնդրելու մեր ժամանակների ամենանշանավոր լյութահարներից մեկին», - նշվում է հաղորդագրությունում:
Աղբյուրի համաձայն, համերգն իրականացվում է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության հետ համագործակցությամբ: