Արմինֆո.ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը չի ներկայացրել ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպման օրակարգի մանրամասները:
"Ես այդ մասին մանրամասն չեմ խոսի։ Ես միայն կասեմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների հետ յուրաքանչյուր փոխգործակցության մեր նպատակն է խրախուսել նրանց աշխատել տարաձայնությունների հաղթահարման ուղղությամբ եւ հասնել կայուն եւ տեւական խաղաղության համաձայնագրի", - ասել է Միլլերը ճեպազրույցի ընթացքում՝ ի պատասխան տվյալ հանդիպման օրակարգի մասին խոսելու խնդրանքին:
Նշենք, որ նախորդ շաբաթ հանդիպման մասին հայտարարել էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: