Արմինֆո. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է "Իմնեմնիմի" փոդքաստի հաղորդավար Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ ՀՀ քննչական մարմինների միջնորդությունը: Այդ մասին մարտի 23-ին լրագրողներին հաղորդել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։
"Վազգեն Սաղաթելյանին տեղափոխում են "Արմավիր" քրեակատարողական հիմնարկ։ Կստանանք դատական ակտը՝ կպատրաստենք համապատասխան բողոքը", - նշել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ ՀՀ Քննչական կոմիտեն մանրամասներ էր ներկայացրել Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի ձերբակալության առնչությամբ: «2024թ. մարտի 20-ին ինտերնետային «Youtube.com» կայքում ուղիղ հեռարձակվող «Ի…»-ի 83-րդ հաղորդման ընթացքում, տվյալ հաղորդման վարողները, անդրադառնալով նույն օրը ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններին և ՀՀ վարչապետի ելույթներին, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավորության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում մարտի 21-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով։ Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ նշված հաղորդման վարողներ Ն.Ս.-ին և Վ.Ս.-ի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ այն բանի համար, որ նրանք, խմբի կազմում փոխլրացնելով միմյանց գործողությունները, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նշված հաղորդման ընթացքում հանդիսանալով տվյալ հաղորդման վարողներ, գիտակցելով բազմահազարանոց լսարանի առկայությունը, ուղղակի դիտավորությամբ կատարել են խուլիգանություն, այն է՝ հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին: Միջնորդությունը բավարարվել է։ Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը քննարկելու համար մեղադրյալներին դատարան ներկայացնելու նպատակով նրանց ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։ Նշված անձինք ձերբակալվել են։ Նախաքննությունը շարունակվում է», - ասվում է ՔԿ հաղորդագրությունում։
Նշենք, որ նախօրեին Նարեկ Սամսոնյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էր երկու ամսով ։