«Ոչ թալանին» շարժումը, որը հանդես է գալիս ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր բարձրացման, կարծում է, որ այդ հարցի շուրջ խորհրդարանական լսումները պետք է ընթանան բաց ձևաչափով: Այդ մասին հունիսի 5-ին մամուլի ասուլիսում հայտարարել է շարժման ներկայացուցիչ Լևոն Զաքարյանը:
Նա մեկնաբանել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունն այն մասին, թե իշխանությունները չեն ցանկանում լսումները շոուի վերածել, և այդ պատճառով դրանք, հնարավոր է, անցնեն փակ ձևաչափով: «Խորհրդարանում բազմաթիվ տարաբնույթ շոուներ են եղել, ու ևս մեկը նրանց ոչնչով չի վնասի», - հայտարարել է Լևոն Զաքարյանը:
Նա ընդսմին հավելել է, որ շարժման ներկայացուցիչները մտադիր չեն մասնակցել ինչ-որ բանակցությունների, քանի որ մտադիր չեն գնալ զիջումների: «Մենք համաձայն չենք սակագնի բարձացմանը` նույնիսկ մեկ կոպեկով, հետևաբար, զրույցների համար թեմա չկա», - հայտարարել է ակտիվիստը:
Շարժման մեկ այլ ներկայացուցիչ` Մաքսիմ Սարգսյանն, ի հերթին, նշել է, որ սակագինը չբարձրացնելու պահանջն ուղղված է ոչ թե ՀԾԿՀ կամ Էներգետիկայի նախարարությանը, այլ` անձամբ նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Հովիկ Աբրահամյանին, քանի որ, մի դեպքում` Մաշտոցի պուրակը փրկվեց Սարգսյանի ցանկությամբ, մյուս դեպքում` Աբրահամյանի ցանկությամբ կասեցվեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը», - նշել է նա: Ընդ որում, ակտիվիստը քաղաքացիներին կոչ է արել չեզոքություն չդրսևորել և մասնակցել երթին` հունիսի 19-ին, ժամը 18:30-ին:
Նշենք, որ էլեկտրաէներգիայի սակագների շուրջ լսումները նախատեսվում են հունիսի 12-ին Հայաստանի խորհրդարանում, թե ինչ ձևաչափով` առայժմ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Հայաստանի խորհրդարանում կայացել է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցի շուրջ փակ խորհրդակցություն` ՀՀԿ պատգամավորների և ոլորտի լիազոր կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությունն անցել է թեժ մթնոլորտում` ոչ առանց փոխադարձ վիրավորանքների: Սակայն, ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀԿ աղբյուրները, ՀԷՑ ղեկավար Եվգենի Բիբինը տրամադրված է եղել վճռականորեն և ակնարկել է, որ շատ «չարդարացված» ծախսեր ընկերությանը, պարզապես, պարտադրվել են, այդ թվում` նաև նրանց կողմից, ովքեր իրեն դրա համար մեղադրում են: Նա նաև հասկացրել է, որ պատրաստ է հունիսի 12-ին հարցի շուրջ նախատեսվող խորհրդարանական լսումների ժամանակ լույս սփռել իրավիճակի որոշ մանրամասների վրա: Այդ առնչությամբ ՀՀԿ խմբակցությունը հակվում է փակ լսումներ անցկացնելու կարծիքին, որպեսզի հասարակական տրամադրություններն էլ ավելի չսրվեն: ԱրմԻնֆո-ի աղբյուրը նաև հաղորդել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է մասամբ բավարարել սակագների բարձրացման վերաբերյալ ՀԷՑ հայտը` ոչ թե 17, այլ 7 դրամով: Այդպիսով, 1 կՎտ/ժ ցերեկային սակագինը 41 դրամ 85 լումայից կբարձրանա մինչև 50 դրամ: