
Երևանի արագ արձագանքը, թե Բրազիլիայի սենատն իբր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, խոսում է Հայաստանի ԱԳՆ աշխատանքի փնթիության մասին: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:
Նա նշել է, որ իրեն մի բան է զարմացնում, որ եթե ՀՀ-ն կարող էր շփոթել, ապա Բրազիլիայում ունենք դեսպանություն, դժվար չէր իմանալ տեղեկությունը, ընթացակարգերի մասին ծանոթ լինեին, շատ զարմանալի էր, որ ԱԳՆ կարող էր ուղղակի առանց ճշտելու տեղեկատվությունը պաշտոնական հայտարարություն տարածել, ասել է նա և նշել, որ միջադեպը հուշում է, թե ինչ դիվանագիտական կադրեր ունենք դեսպանություններում:
Նշենք, որ Բրազիլիայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ տեղի է ունեցել որոշակի խառնաշփոթ: Սկզբում ՀՀ ԱԳՆ հայտարարեց, որ մայիսի 27-ին Բրազիլիայի սենատը միաձայն ընդունեց Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նույնիսկ պաշտոնապես ողջունեց այդ որոշումը: Իսկ ֆեյսբուքյան իր էջում այդ որոշումը ողջունեց նաև ՀՀ նախագահի աշխատաազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Հետագայում Բրազիլիայի Հայ-Դատի գրասենյակի ներկայացուցիչները հայկական որոշ ԶԼՄ-ներին հաղորդեցին, որ Բրազիլիայի Սենատը դեռ չի ընդունել այդ բանաձևը, որ փաստաթուղթն առայժմ միայն ներկայացվել է օրենսդիր մարմնի քննարկմանը:
Իսկ հունիսի 2-ին Բրազիլիայի Սենատի պաշտոնական կայքը տեղեկություն տարածեց, որ այդ օրը բրազիլական 81 սենատորներից 46-ն աջակցեցին բանաձևը: Թիվ 550/2015 բանաձևում, մասնավորապես, ասված է. «Դաշնային Սենատը ճանաչում է հայ ժողովրդի Ցեղասպանությունը, որի 100-րդ տարելիցը նշվեց 2015թ. ապրիլի 24-ին: Հարգանքի տուրք է մատուցում Ցեղասպանության զոհերին և գնահատում Բրազիլիայում բնակվող հայ փախստականների, հազարավոր բրազիլահայ ժառանգների ներդրումը երկրի տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում և ընդգծում է, որ ոչ մի ցեղասպանություն չպետք է մոռացվի, որպեսզի չկրկնվի».-ասված է բանաձևում: