Արմինֆո.Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի նկատմամբ խափանման միջոցը՝ կալանքը, դատարանի որոշմամբ փոխվել է տնային կալանքի։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է նախկին քաղաքապետի փաստաբան Գեորգի Մելիքյանը։
«Միանշանակ համաձայն չենք դատարանի որոշմանը, քանի որ առավել քան հիմնավորվել էր հիմնավոր կասկածի բացակայությունը, առավել ևս առերես հարցաքննության արդյունքներով հաստատվել էր միակ ցուցմունք տվողի հայտնած տվյալների իր իսկ բնորոշմամբ որպես հանցագործություն անլուրջ ընդունելը։
Իսկ իրականում տվյալ անձը անլուրջ էր ընդունել ամբողջ ԱԱԾ կառույցին, որի ցավալի հետևանքը Բազեյանի շուրջ վեց ամիս ապօրինի կալանքի տակ գտնվելն էր։ Արդարացումը անխուսափելի է», - գրել է փաստաբանը։
Ավելի վաղ ԱԱԾ-ը հաղորդել էր, որ սեպտեմբերի 23-ին Բազեյանը և "Խաչակիրներ" ռազմահայրենասիրական կազմակերպության ևս 7 անդամներ ձերբակալվել են իշխանությունը զավթելու փորձի գործով: Բազեյանը կալանավորվել է սեպտեմբերի 26-ին՝ պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով։ Ինքը ՝ ԵԿՄ նախկին փոխնախագահը, մեղքը չի ընդունում, իրեն համարում է քաղբանտարկյալ։