Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրի որոշմամբ Եղիազար Վարդանյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ։
Կառավարության հաղորդագրության համաձայն, հարցը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և նշել. «Պարոն Վարդանյանն այս տարիների ընթացքում ներգրավված է եղել մի շարք կարևոր ռազմավարական նախագծերում, իրեն դրսևորել է որպես բանիմաց և վստահելի գործընկեր: Կարծում եմ, որ նրա նշանակումն այս պաշտոնում լրացուցիչ հնարավորություն կստեղծի քաղաքաշինության ոլորտում կառավարության կողմից վարված քաղաքականությունում»:
Եղիազար Վարդանյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել. «Ցանկանում եմ նաև համոզմունք հայտնել, որ համագործակցելով ՀՀ կառավարության, Ազգային ժողովի գործընկերների, ոլորտի ճարտարապետների, շինարարների, կառուցապատողների հետ՝ կկարողանանք որոշ ժամանակ հետո արձանագրել հարազատ մասնագիտական ոլորտում առաջընթաց: Կիրականացնենք այն ծրագրերը, որոնք նախանշված են կառավարության ծրագրում»:
Եղիազար Վարդանյանը Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ռեկտորն է՝ 2020 թվականից։
Հիշեցնենք, որ կառավարությանն առընթեր Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ղուլարյանն ու Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը կառավարության հունվարի 4-ի որոշմամբ պաշտոնանկ էին արվել: Ըստ լրատվամիջոցների՝ վարչապետը որոշումը կայացրել էր հունվարի 3-ին Լոռու մարզ կատարած այցից հետո: Փաշինյանը, ծանոթանալով Լոռու մարզի դպրոցներում կառուցված մարզադահլիճների վիճակին, խիստ դժգոհ էր մնացել կառուցված տարածքների որակից: Հունվարի 5-ին Արմավիրի մարզ կատարած այցից հետո պաշտոնանկ էր արվել նաև մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը:
Հունվարի 11 - ին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հաղորդել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստուգումներ է սկսել ՀՀ քաղաքաշինության կոմիտեում: Նշվում էր, որ ուսումնասիրություններն իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին կառուցված մի շարք պետական կրթական, մարզական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների նախագծման, հեղինակային և տեխնիկական հսկողության համար հատկացված պետական միջոցների օգտագործման օրինականության և արդյունավետության վերահսկման նպատակով:-