


Իշխանական կուլուարներում քննարկվում է էլեկտրաէներգիայի սակագներին առնչվող իրավիճակի զարգացման երկու տարբերակ` կամ, սակագինը բարձրացնել 7 դրամով, կամ այն թողնել անփոփոխ և գտնել ՀԷՑ վնասների փոխհատուցման այլ աղբյուրներ, գրում է «Ժողովուրդը»` վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:
Ըստ թերթի, երկրորդ տարբերակի դեպքում Հայաստանի իշխանությունները պետք է զսպեն խոշոր էներգաօբյեկտների` ԱԷԿ-ի, Բարձրավորտ էլեկտրացանցերի, Հրազդան ՋԷԿ-ի, «Հրազդանի 5-րդ էներգաբլոկի», «Երեւան ՋԷԿ»-ի և Սեւան-Հրազդան կասկադի կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի սակագների աճը: Ինչպես հայտնի է, այդ օբյեկտներն արդեն դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով բարձրացնել իրենց կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի սակագները:
Սակայն, թերթի տեղեկություններով, ԱԷԿ-ի մասով արդեն կայացվել է քաղաքական որոշում, որի համաձայն, ատոմակայանում արտադրվող էլեկտրաէներգիայի գինը ոչ միայն չի բարձրանա, այլեւ մոտ 10 տոկոսով կնվազի: Ենթադրվում է, որ համանման որոշումներ կարող են կայացվել մյուս էներգաօբյեկտկների հայտերի վերաբերյալ:
Այդպիսով, Հայաստանի իշխանությունները փորձում են նվազագույնի հասցնել ՀԷՑ վնասները` ոչ թե էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման, այլ` ՀԷՑ կողմից բաշխվող էլեկտրաէներգիայի գների նվազեցման հաշվին:
Նշենք, որ ՀԷՑ-ը ՀԾԿՀ հայտ է ներկայայցրել 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու համար: Այժմ Հայաստանում գործում է 1կՎտ/ժ դիմաց 41 դրամ 85 լումա սակագինը: -գ-


