Արմինֆո. Այսօրվա իրավիճակը պահանջում է լուրջ համակարգային փոփոխություններ, իշխանության, ընդդիմության և, ընդհանրապես, հասարակության լիակատար վերափոխում։ Այդ մասին հայտարարել է անկախ Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Ազատության հրապարակում հայրենի հողից վտարված արցախցիների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ հայ ժողովրդին անհրաժեշտ է միավորվել ոչ միայն հանուն արցախցիների իրավունքների, այլ պետք է գա այն բանի գիտակցումը, որ յուրաքանչյուր հայկական գյուղ, քաղաք այսօր վտանգված է: "Մենք պետք է մեր մեջ հաղթահարենք այդ "փոքրությունը" և ստեղծենք համաժողովրդական, համաքաղաքացիական, վերկուսակցական այլընտրանք՝ արդեն առաջիկա օրերին ։ Այլապես՝ այս հրապարակում մենք կքննարկենք ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի մարզերի ճակատագիրը", - ընդգծել է նա։
Նախկին արտգործնախարարը հրաժարվել է մեկնաբանել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին վարչապետի հայտարարությունները, նշելով, որ վերջինս դրան արժանի չէ։ Նա ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է հարևան երկրի կամ երկրների քաղաքականությունը, պահանջներն ու բանակցային մոտեցումները ՝ հայ ժողովրդին սպառնալով պատերազմով: Նախկին նախարարը փաստել է, որ եթե Փաշինյանը մնա իշխանության՝ իր թիմով, լավագույն դեպքում, Հայաստանից կմնա Երևանի պետությունը:
Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծել է, որ միակողմանի զիջումների քաղաքականությունը, որը վարում է Փաշինյանը, բերելու է պետության ոչնչացման, դրա մեծ մասի կորստի, պատերազմի և զոհերի:
Նկատելով, որ այսօր բողոքի ակցիան ընթանում է արցախցիների՝ իրենց տուն վերադառնալու իրավունքների պաշտպանության պահանջով, նա կոչ է արել թույլ չտալ, որ նման ճակատագիր կիսեն Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի բնակիչները:
Ընդ որում, նա ընդգծել է, որ իշխանափոխությունը մեծ ռազմավարության ընդամենը մեկ փոքր քայլ է։ "Բայց առանց այդ քայլի ես նոր շունչ, նոր հնարավորություններ չեմ տեսնում Հայաստանի համար", - եզրափակել է նա: