
ՙՄադրիդյան սկզբունքները՚ օգտապաշտական փաստաթուղթ է, որը ծառայում է ղարաբաղյան հակամարտության սառեցմանը ու երկարաձգմանը և այդպիսով քողարկում Հարավային Կովկասը վերահսկողության տակ պահելու Ռուսաստանի գլխավոր խնդիրը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ադրբեջանցի հայտնի քաղաքագետ, Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդներից մեկը` Զարդուշտ Ալիզադեն:
ՙՆման իրավիճակ է 90-ական թթ. սկզբից ի վեր, երբ ապահովելով իր համար ընդունելի փոխդասավորություն ղարաբաղյան հակամարտությունում և Հայաստանում ու Ադրբեջանում իշխանության ղեկին դնելով վերահսկելի քաղաքական ուժեր`Մոսկվան հակամարտությունը ԵԱՀԿ հովանու ներքո անվերջ և դատարկ խոսակցությունների փուլ է տեղափոխել: Այդ խաղի մեջ են մտել նաև այլ խոշոր խաղացողներ: Իսկ Փարիզը, Քի-Ուեսթը, Պրահան, Կազանը, Մադրիդը և Սոչին ընդամենը դրա ուղենիշներն են՚,- նշել է նա:
Ալիզադեի կարծիքով, այս առումով Մադրիդյան սկզբունքների շուրջ քննարկումները շարունակելու անհրաժեշտության հարց է առաջանում: Ըստ նրա, եթե այդ քննարկումները թափանցիկ և ազնիվ լինեն, հասարակություններն ավելի արագ կգիտակցեն տարվող բանակցությունների փակուղայնությունը, ինչը կհանգեցնի իշխանության նկատմամբ ճնշման`հակամարտության կարգավորման իրական տարբերակ որոնլու պահանջով:
Քաղաքագետը համոզված է, որ ղարաբաղյան խնդիրը, որպես իշխանության կարևոր ռեսուրս, սեփականաշնորհված է թե’ Հայաստանում, թե’ Ադրբեջանում, քանի որ երկու ընտրախավերն էլ շահավետ դիրքեր են զբաղեցել` հակամարտության և այդ հակամարտությունում Ռուսաստանի հետ համաձայնեցված իրենց դերի շնորհիվ: Ալիզադեն գտնում է, որ կերակրամանից նրանք երբեք չեն հրաժարվի, եթե նույնիսկ դա իրենց թույլ տա Մոսկվան: Իսկ ընդդիմությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում ոչնչով իշխանությունից չի տարբերվում:
Այս անմխիթարական իրավիճակում, Ալիզադեի կարծիքով, խիստ կարևորվում են քաղաքացիական հասարակության մակարդակով խաղաղապահ ջանքերը: Այս առումով անհրաժեշտ է հակամարտությունների կարգավորման եվրոպական փորձի վրա հիմնված մի քանի այլընտրանքային մոդելների մշակում`ուղղված, ամենից առաջ, Լեռնային Ղարաբաղի բնակիչների շահերի պաշտպանությանը: ՙԲնական է, որ այդ մոդելները մշակվելու են տեղի և օտարերկրյա իրավաբանների, տնտեսագետների, հոգեբանների և այլոց կողմից: Դրանից հետո արդյունքները ներկայացվելու են երկու հանրապետությունների հասարակություններին: Հակառակ դեպքում Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները կշարունակեն քաղաքական խարդավանքների զոհ դառնալ և դեգրադացվել՚,- ամփոփել է քաղաքագետը: