Արմինֆո.ՆԱՏՕ - ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցի նպատակը հենց Հայաստանում հակառուսական ճակատի ընդլայնումն է։ Նման կարծիք է հայտնել ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Պատգամավորն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ տարածաշրջանային այցով
Հայաստանում գտնվող Ստոլտենբերգը ՀՀ վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ
Նիկոլ Փաշինյանի լուռ հայացքի ներքո բառացի արեց հետեւյալ հայտարարությունը. "Մենք ողջունում ենք ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ եվ կոչ ենք անում բոլոր գործընկերներին անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտան Պուտինին հաղթել պատերազմում։ Ռազմի դաշտում իրավիճակը մնում է կրիտիկական, ուստի մեր աջակցությունը անհրաժեշտ է ավելացնել, ոչ թե նվազեցննել։ Եթե Պուտինը հաջողության հասնի Ուկրաինայում, իրական վտանգ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի" ։
Խամոյանի խոսքով՝ երբ ընդդիմությունն ասում է, որ Հայաստանը չի կարելի աշխարհաքաղաքական հակամարտության թատերաբեմ դարձնել, նկատի ունի հենց դա: "Ստոլտենբերգի այցի նպատակը հենց Հայաստանում հակառուսական ճակատի ընդլայնումն է ։ Բայց ո՞րն է այդ հայտարարության գինը, և ո՞վ է վճարելու դրա համար։ Իմ հարցերը հռետորական են, պատասխաններն՝ ավելի քան ակնհայտ։ Բաքվում, օրինակ, նույն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է. "Ադրբեջանական բանակի և Թուրքիայի զինված ուժերի սերտ համագործակցությունը մեծապես կնպաստի ՆԱՏՕ - ի հետ հարաբերությունների խորացմանը", - հիշեցրել է Խամոյանը:
Նշենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այսօր Երևանում է տարածաշրջանային շրջագայության շրջանակներում: Ավելի վաղ նա եղել է Ադրբեջանում և Վրաստանում։ Այցի շրջանակներում բոլոր երկրներում հնչած ուղերձները նման են. աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, աջակցել հակառուսական կոալիցիային։