Արմինֆո. ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես վարչական շրջանի ընտրական մարմնի հրավերով ՀՀ ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանն ու ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը մարտի 1-ից 4-ը դիտարկել են ԱՄՆ նախագահական նախնական ընտրությունները (Primary Election)։
ԿԸՀ հաղորդագրության համաձայն, Հայաստանի ԿԸՀ անդամները գործուղման ընթացքում այցելել են քվեարկության կենտրոններ, ընտրությունների ժամանակ կիրառվող էլեկտրոնային տեխնիկական սարքավորումների պահեստներ։
«Նշենք, որ նախնական ընտրությունները դիտարկելու համար հրավիրված են եղել այն երկրների ընտրական մարմինների ներկայացուցիչները, որոնք ընտրությունների ժամանակ կիրառում են էլեկտրոնային տեխնիկական սարքավորումներ, և այցն ունեցել է նաև փորձի փոխանակման նշանակություն», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ ԱՄՆ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններում նախնական ընտրությունները կավարտվեն այս տարվա ամռանը: Փորձագետների կարծիքով ՝ երկրի նախագահի աթոռի համար, ամենայն հավանականությամբ, կպայքարեն գործող նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ-ում հերթական՝ թվով 60-րդ նախագահական ընտրությունները նախատեսված են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։