Արմինֆո."Խաղաղության խաչմերուկ" նախագիծը կարևոր նշանակություն ունի Միջին միջանցքի ներուժի օգտագործման տեսանկյունից։ Այդ մասին մարտի 18-ին Երեւանում հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
"Մենք մտադիր ենք փոխգործակցել մեր գործընկերների հետ, որպեսզի Միջին միջանցքը, վերջապես, օգտագործի իր ողջ ներուժը", - ասել է Նուրտլեուն՝ հատուկ ընդգծելով Ղազախստանի համար Հայաստանի կարևոր աշխարհագրական դիրքն այդ առումով:
Հիշեցնենք, որ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին՝ Միջին միջանցքը, միացնում է Եվրոպան և Ասիան։ Երթուղին անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովի ջրային տարածքով, Ադրբեջանով, Վրաստանով և այնուհետև՝ դեպի Թուրքիա և եվրոպական երկրներ: Երթուղին նաև զարգացնում է "Մեկ գոտի և մեկ ճանապարհ" միջազգային նախագիծը, որը Մետաքսի մեծ ճանապարհի վերածնունդն է արդի իրողություններում: Այսօր այդ երթուղին առավել արդյունավետ գործարկելու համար Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանից պահանջում են արտատարածքային միջանցք՝ Սյունիքի մարզով։