Արմինֆո. Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ. արձանագիր խաչքարը։ Այդ մասին հաղորդել է ԿԳՄՍՆ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը:
«Համացանցում հայտնված լուսանկարները ցույց են տալիս, որ Արցախի Ծար գյուղի 13-րդ դարի նշանավոր խաչքարն այլևս իր տեղում չէ։ Մեր մշտադիտարկումները և որոնումները խաչքարի ֆիզիկական վիճակի վերաբերյալ անարդյունք մնացին։ Հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքականությունը հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ՝ ենթադրելի է, որ հայկական խաչքարագործության այս եզակի օրինակը ոչնչացված է։
Հիշեցնենք, որ խաչքարային մշակույթը հայկական պատմամշակութային ժառանգության ինքնատիպ դրսևորումներից է, որի կերտման արվեստն ու խորհրդաբանությունը դեռևս 2010 թ․ արժևորվել և ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկ»-ում», - ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ Ադրբեջանը Արցախը գրավելուց հետո սկսել է օկուպացված հայկական հողերի վրա հայկական հետքի ջնջումը։ Ոչնչացվում են եկեղեցիներ, բազմադարյա գերեզմանոցներ, համաշխարհային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտներ, աղավաղվում է այն օբյեկտների ինքնությունը, որոնք չեն ոչնչացվում ։ Այս ամենը տեղի է ունենում անգործության ֆոնին, այդ թվում ՝ միջազգային մասնագիտացված կազմակերպությունների ։