Արմինֆո. Երկարատև բացակայությունից հետո Ազգային պատկերասրահ է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը ՝ Վարդգես Սուրենյանցի <Սալոմե> գլուխգործոցը (1907թ.):
Սուրենյանցի այդ գործը Հռոմից Երևան էր բերվել դեռևս 1929 թվականին։ 2019 թվականին վերականգնման նպատակով տեղափոխվել էր Ազգային պատկերասրահի վերականգնման և կոնսերվացման բաժին։
Շուտով «Սալոմե»-ն կրկին կներկայացվի հանրությանը «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագծի շրջանակում:
Ազգային պատկերասրահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն այս կերպարին նվիրված կերպարվեստի լավագույն աշխատանքների շարքում է:
Նշենք, որ Վարդգես Հակոբի Սուրենյանցը (1860-1921), հայ գեղանկարիչ, գրաֆիկ, թատերական նկարիչ և արվեստի տեսաբան է։ Հայ գեղանկարչության մեջ Վ.Սուրենյանցը, գործնականում, պատմական ժանրի հիմնադիրն է։ Նկարիչ Սուրենյանցն իր ստեղծագործության մեջ արտահայտում է իսկական հայ ազգային կերպարը։ Նկարչի լավագույն ստեղծագործություններից շատերն արտացոլում են Հայաստանի պատմության տարբեր դրվագներ, նկարազարդում սյուժեներ հին հայկական դիցաբանությունից: