Արմինֆո. Հայկական կողմին պարտադրում են հայ-ադրբեջանական սահմանի արագ սահմանազատում։ Մարտի 14-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Ստեփանյանը՝ խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման մասին։
"Այստեղ, առաջին հերթին, հարց է ծագում, թե ինչու պետք է ինչ-որ տարածքներ հանձնենք։ Նախ, պետք է գտնվեն այդ գյուղերի պատկանելության իրավական հիմքերը։ Վերցրեք, օրինակ, 1926 թվականի քարտեզը և տեսեք, արդյո՞ք այնտեղ անկլավներ կան",- հարցրել է գեներալը։
Այդ համատեքստում նա պատմել է, թե ինչպես են ադրբեջանցիները խորհրդային տարիներին իրենց սահմանամերձ տարածքներից անցել հայկականի, և բնակություն հաստատել, տներ կառուցել, քանի որ այդ ժամանակ ոչ ոք նման բաների վրա ուշադրություն չէր դարձնում։
Ստեփանյանը նաև խոստովանել է, որ լսել է մարտի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի վերջին ելույթը Տավուշի մարզի 4 գյուղերի մասով, բայց այդպես էլ չի հասկացել, թե ինչ է ուզում ասել: "Այդ գյուղերը գտնվում են Վրաստան տանող մայրուղու երկու կողմերում։ Ես վարչապետին լսելիս այդպես էլ չհասկացա՝ գյուղերը հանձնում ենք, թե՝ ոչ ։ Բայց խորհրդարանում նախարարներին լսելիս հասկացա, որ պատրաստվում են հանձնել։ Իբր՝ փոխանակում կլինի Արծվաշենի հետ։ Բայց երբեք Ադրբեջանը չի տա այդ գյուղը։ Իսկ մենք այդ գյուղերը տալով՝ ռազմավարական նշանակության ճանապարհներ ենք կորցնում", - ընդգծել է գեներալը։
Նա նաև հարց է ուղղեց, թե ինչու Հայաստանը բանակցություններ չի վարում Գեղարքունիքում և Սյունիքում Հայաստանի գրավված ռազմավարական բարձունքների մասով, փոխարենը՝ պատրաստվում է նաև տարածքներ տալ Տավուշում՝ դրանով իսկ նաև այդ ուղղությամբ շրջափակելով Հայաստանը և փակելով այն:
"Որևէ իրավական հիմք չկա այդ գյուղերը հանձնելու համար։ Այո, եթե այնտեղ ադրբեջանցիներ էին ապրում, ապա՝ ինչ։ Մենք տեսել ենք մեր Արցախի, Շահումյանի հայաթափումը ։ Թող մեզ վերադարձնեն մեր նախնյաց հողերը։ Ես էլ չեմ խոսում Բաքվի, Նախիջևանի և այլ վայրերի մասին, որտեղ կոմպակտ բնակվել են հայերը ։ Ես դեմ եմ դրան: Որևէ իրավական հիմք չկա այդ գյուղերը հանձնելու համար", - ամփոփել է գեներալը: