Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի դպրոցներում "Մարտական փառքի անկյունների" հեռացման վերաբերյալ որևէ հրաման, հանձնարարական կամ ցուցում չի տվել: Այդ մասին մարտի 14-ին լրագրողներին հայտարարել է գերատեսչության ղեկավար Ժաննա Անդրեասյանը։
Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվում այն մասին, որ Հայաստանի դպրոցներում եւ զորամասերում հեռացնում են "Մարտական փառքի անկյունները", որտեղ հավաքված են ղարաբաղյան պատերազմների ազգային հերոսների եւ մասնակիցների լուսանկարներն ու տեղեկություններ:
Այս առնչությամբ նախարարը երեխաների ծնողներին կոչ է արել հայտնել գերատեսչությանը
նման դեպքերի մասին, որոնց վերաբերյալ կլինի համապատասխան արձագանք։
Նշենք, որ նախօրեին "Որդիների կանչ" հասարակական կազմակերպությունը
հաղորդագրություն է տարածել, ըստ որի, զոհված զինվորների ծնողներին դպրոցներում թույլ չեն տալիս ստուգել բարձրացված խնդրի իսկությունը, քանի որ դրանցում, իբր, վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Անդրեասյանն այդ առնչությամբ նշել է, որ չի կարող մեկնաբանել անորոշ հաղորդագրությունները։ "Կարող եմ միայն նորից կրկնել կոչս. նման դեպքերից յուրաքանչյուրի առկայության դեպքում խնդրում եմ տեղեկացնել մեզ այդ մասին", - ասել է ԿԳՄՍՆ ղեկավարը: