Արմինֆո. 9-ամյա տղայի մահվան պատճառը պարզելու համար անհրաժեշտ է սպասել դատաբժշկական փորձաքննության արդյունքներին: Այդ մասին մարտի 14-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։
Նախարարի ասելով՝ տղայի մահվան պատճառը, նախնական վարկածի համաձայն, ոչ թե կարմրախտն էր, այլ՝ ջրծաղիկը: Սակայն տեղի ունեցածի ամբողջական պատկերը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո, որի անցկացման համար պահանջվում է որոշակի ժամանակահատված ։ "Առողջապահության նախարարությունն այս հարցով չի շտապում հանդես գալ հայտարարությամբ, քանի որ հավաստի տվյալներ ստանալու անհրաժեշտություն կա", - ասել է գերատեսչության ղեկավարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ահազանգ էր ստացվել, որ Երևանի "Սուրբ Աստվածամայր" բժշկական կենտրոնում ջրծաղիկով հիվանդ 9-ամյա տղա է մահացել: Տղայի մոտ որովայնի շրջանում ցավեր են սկսվել և ծնողները դիմել են Արարատի հիվանդանոց, որտեղ նրան ամբուլատոր օգնություն են ցուցաբերել, ցավազրկող են տվել, այնուհետև ուղարկել են տուն: Տևական գանգատներից հետո տղային տեղափոխել են Երևան։ Սակայն երեխայի սիրտը կանգ է առել շտապօգնության մեքենայում։ Բրիգադը նրան տեղափոխել է մոտակա բժշկական կենտրոն՝ "Սուրբ Աստվածամայր", տղայի կյանքը փրկել չի հաջողվել։ Մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: