Արմինֆո. Հայաստանի գործող իշխանությունները պատմական պատասխանատվություն ունեն և պարտավոր են դիվանագիտական ջանքեր գործադրել տարածաշրջանում մեր պետության լիակատար մեկուսացման վտանգը և սուբյեկտայնության կորուստը կանխելու ուղղությամբ։ Դրա համար առաջին ու անխուսափելի պայմանը բանակցային գործընթացում հստակ դիրքորոշում ունենալն ու սկզբունքային վարքագիծ դրսևորելն է։ Այդ մասին ասվում է Արցախի և Հայաստանի քաղաքական ուժերի հայտարարությունում:
«Մենք՝ ներքոստորագրյալներս, Հայաստանի իշխանություններից պահանջում ենք արտաքին քաղաքականության օրակարգում ներառել և բանակցային գործընթացի շրջանակում պարտադիր քննարկման առարկա դարձնել Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով Արցախ վերադառնալու հավաքական իրավունքն իրացնելու պահանջը։
Արցախի ժողովրդի էթնիկ զտումն ու հայրենազրկումն արդյունքն է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի և քաղաքական պայմանավորվածությունների կոպիտ խախտման, և չկա միջազգային որևէ դերակատար, որը կկարողանա հերքել խնդիրն օրակարգ բերելու հայկական կողմի իրավունքը։
Առանց խոչընդոտների և միջազգային երաշխիքներով իր հազարամյակների հայրենիքում ազատ ապրելն Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքն է և դրա նախապայմանը՝ հավաքական վերադարձը, որն ամրագրված է միջազգային հիմնարար կոնվենցիաներով և փաստաթղթերով, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ Արցախի վերաբերյալ կայացված որոշումներով։
Հարավային Կովկասում չի կարող լինել խաղաղության ակնկալիք, առավել ևս՝ երաշխիք, քանի դեռ հայկական կողմը չի ձևակերպել և օրակարգ չի բերել արդարության պահանջը։ Սրա ապացույցն Ադրբեջանի պահվածքն է և խաղաղության հասնելու հայկական կողմի ապարդյուն փորձերը։ Հնարավոր չէ հասնել խաղաղության և կարգավորման մի իրավիճակում, երբ կողմերից մեկը զրկված է իր շահերի պաշտպանության հնարավորությունից։
Համոզված ենք, որ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը հասնել հնարավոր է միմիայն Արցախի ժողովրդի հավաքական վերադարձով՝ ամրագրված միջազգային երաշխիքներով։ Վստահ ենք, որ սա ընկալում են տարածաշրջանի և դրանում ներգրավված բոլոր դերակատարները։ Հայաստանի իշխանության պատասխանատվությունն է առնվազն այս հարցում դրսևորել դիվանագիտական հմտություն և քաղաքական կամք՝ հօգուտ Հայաստանի ու հայ ժողովրդի գոյութենական սպառնալիքների չեզոքացման», - ասվում է հայտարարությունում, որի ներքո ստորագրել են «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը, «Հայ հեղափոխական դաշնակցության» արցախյան կառույցը, Արցախի «Արդարություն» կուսակցությունը, Արցախի «ժողովրդավարական» կուսակցությունը «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը, «Ազգային անվտանգություն» կուսակցությունը, «Հայաստանի դեմոկրատական» կուսակցությունը, «Հայաստանի հանրապետական» կուսակցությունը, «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը, «Միասին» շարժումը: