Արմինֆո.Հայաստանի զինված ուժերը շարունակում են իրականացնել պետության սահմանների անվտանգության ապահովման իրենց վերապահված առաքելությունը: Այդ մասին մարտի 13-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պատասխանելով հարցին, թե՝ արդյոք երկրի իշխանությունները մտադիր են Ադրբեջանին հանձնել Տավուշի մարզի չորս գյուղ։
Նրա ասելով՝ նախօրեին Հայաստանի կառավարության ղեկավարը պատասխանել է Տավուշի չորս գյուղերի մասին հարցին։ "Ինչ վերաբերում է երկրի զինված ուժերին, ապա նրանք շարունակում են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները", - ասել է Պապիկյանը։
Նա հավաստիացրել է, որ երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարությունը չկրակելու հրաման չի տվել, դրանով իսկ հերքելով պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի մեղադրանքները, թե՝ 2021 թվականի մայիսին ադրբեջանական զինուժի Հայաստանի տարածք ներթափանցելու ընթացքում հայկական զորքերին չկրակելու հրաման էր տրվել։
Նշենք, որ ՀՀ ՊՆ ղեկավարն այսօր՝ մարտի 13-ին, ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում մասնակցել է առաջնագծում տիրող իրավիճակին նվիրված փակ քննարկմանը: