Արմինֆո. Վերջին ամիսները նշանավորվել են Լեռնային Ղարաբաղի ողբերգական իրադարձություններով, որոնք Ֆրանսիային ստիպել են Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնել ինչպես մարդասիրական, այնպես էլ անվտանգային ոլորտներում: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին ՝ նախօրեին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ հանդիպմանը:
ԱԺ հաղորդագրության համաձայն, Օհանյանը խմբակցության անունից գոհունակություն է հայտնել Ֆրանսիայի այն բոլոր ջանքերին, որոնք մեր պատմության ընթացքում ուղղված են եղել հայ ժողովրդի պաշտպանությանը, եւ այսօր էլ այդ ջանքերը շարունակվում են
Դեսպանը հետաքրքրվել է «Հայաստան» խմբակցության տեսակետներով, որոնք առնչվում էին այդ ցավալի իրադարձություններին, Հայաստանի ներքաղաքական կյանքին եւ տարածաշրջանային անվտանգությանը:
Երկուստեք ընդգծվել են պատմականորեն ձեւավորված հայ-ֆրանսիական բարեկամական եւ ջերմ հարաբերությունները: Անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեւավորված իրավիճակին, տարածաշրջանային իրադրությանն ու անվտանգությանը, պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցության ընթացքին վերաբերող հարցերի:
Սեյրան Օհանյանը դեսպանին ներկայացրել է ԼՂ հակամարտության ժամանակագրությունը, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմներն ու ձեռք բերված պայմանավորվածությունների բազմաթիվ խախտումները, Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային հուշարձանների եւ արժեքների նկատմամբ իրականացվող, միջազգայնորեն ընդունված նորմերին չհամապատասխանող վերաբերմունքը: Խմբակցության ղեկավարն ընդգծել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ եւ պատժամիջոցներ գործադրելու կարեւորությունը` այդ երկրի կողմից կատարված հանցագործությունների համար, որոնք արտահայտվում են ե'ւ մարդկանց նկատմամբ իրականացված հանցանքներով, ե'ւ պատերազմական հանցագործություններով, ե'ւ գերիներին չվերադարձնելու հանգամանքով: