Արմինֆո.Հայաստանը կարող է ևս 2 տարով երկարաձգել ԵՄ առաքելության մանդատը հանրապետությունում: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրել է իր ավելի վաղ արտահայտած այն միտքը, որ Հայաստանը պատրաստ է լինել այնքան մոտ ԵՄ-ին, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։ Կարեւոր է նաեւ ժողովրդի կարծիքն այն մասին, թե ԵՄ-ի հետ մերձեցման ինչ աստիճանի է նա պատրաստ, հավելել է նա։ Այսօր, ըստ Փաշինյանի, ՀՀ-ԵՄ հարաբերությունները շատ ակտիվ են։ "Եվ ես հույս ունեմ, որ մոտ ժամանակներս կընդունվեն մի շարք որոշումներ, որոնք կդառնան այդ ամուր համագործակցության դրսեւորումը", - ասել է վարչապետը:
Մասնավորապես, նրա ասելով, խոսքը կարող է վերաբերել ինչպես վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունների վերսկսմանը, այնպես էլ Հայաստանում արտադրված ապրանքների համար արտոնյալ պայմանների տրամադրմանը: Փոխգործակցության ևս մեկ ուղղություն կարող է լինել անվտանգության ոլորտում հարաբերությունների խորացումը, հնարավորությունների ընդլայնումը և Հայաստանում ԵՄ առաքելության մանդատի երկարաձգումը, օրինակ, ևս 2 տարով: "Մենք շատ լայն օրակարգ ունենք և պատրաստ ենք այն հետագայում ևս ընդլայնել", - նշել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ըստ ԶԼՄ-ների, այս տարվա մարտի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության հետ փակ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու հայտ պետք է ներկայացնի ոչ ուշ, քան այս տարվա աշնանը: Նշվում էր, որ վարչապետն իր զինակիցներին հասկացրել է, որ Արևմուտքը Հայաստանից գործնական քայլեր է պահանջում Ռուսաստանից հեռանալու և տարածաշրջանից նրան դուրս մղելու համար։ Իսկ Հայաստանին այս իրավիճակում ոչինչ չի մնում, քան կատարել այդ պահանջները, քանի որ "Ռուսաստանը վաղուց երես է թեքել նրանից" ։
Օրերս ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թուրքական TRT World-ի հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանն ակտիվորեն քննարկում է ԵՄ-ին անդամակցելու գաղափարը: