Արմինֆո. Եթե Եվրոպական միությունը մնա այն միավորումը, որպիսին հանդես է եկել վերջին տարիներին, ապա Հայաստանի անդամակցությունն այդ կառույցին, գործնականում, անհնար է: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտարարել է Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը:
Հիշեցնենք, որ մարտի 9-ին թուրքական TRT World հեռուստաալիքին հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանում ակտիվորեն քննարկվում է ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը: "Երկիրն ընտրել է զարգացման ժողովրդավարական ուղին, իսկ Վաշինգտոնն ու Բրյուսելը սատարում են դրան", - ասել էր Հայաստանի արտգործնախարարը:
Մինչդեռ, ինչպես հիշեցրել է Նավասարդյանը, Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, ուստի, մասնակցությունը միանգամից երկու մաքսային գոտիներում, գործնականում, անհնար է: "Նման բան, պարզապես, չի կարող լինել, համենայնդեպս, համաշխարհային պրակտիկայում նման դեպք չի եղել", - ասել է ԵՄԱ ղեկավարը, հավելելով, որ Երեւանի եւ Բրյուսելի մերձեցման հարցում անհրաժեշտ է կենտրոնանալ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին բազային համաձայնագրի վրա, որի շատ դրույթներ դեռեւս անձեռնմխելի են մնում: Առաջին հերթին, խոսքը գնում է դեռևս 2021 թվականի ամռանից Հայաստանին 2,6 մլրդ եվրո ֆինանսական օգնություն տրամադրելու ԵՄ խոստման մասին՝ հինգ ռազմավարական ծրագրերի իրականացման համար, որոնցից այս պահի դրությամբ յուրացվել է ընդամենը 20 տոկոսը։ "Այսինքն, ԵՄ-ի հետ հարաբերությունների ընդլայնման և խորացման ռեսուրսը բավականին նշանակալի է, որը որոշակի փուլում կարող է հիմք հանդիսանալ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու համար: Սակայն զուգահեռ պետք է տեղի ունենա Եվրասիական տնտեսական միությունից երկրի դուրս գալու գործընթացը, սակայն այդ ուղղությամբ պաշտոնական Երեւանի կողմից որեւէ մարմնի շարժում չի նկատվում",- նշել է փորձագետը։
Պատասխանելով այս ֆոնին հայ - ռուսական հարաբերություններում էլ ավելի մեծ լարվածության հնարավորության մասին հարցին՝ Նավասարդյանը նշել է այն փաստը, որ այդ լարվածությունն արդեն այսօր է նկատվում: Դա իր արտացոլումն է գտնում առևտրատնտեսական հարաբերություններում, երբ Վերին Լարսի անցակետում ուշանում են հայկական ապրանքներով բեռները։ Այնուամենայնիվ, ԵԱՏՄ-ն, շարունակել է փորձագետը, առաջին հերթին, պետությունների տնտեսական միավորում է, որտեղ ամեն ինչ պետք է կառուցվի ստորագրված ընթացակարգերի հիման վրա, որոնք Երեւանն առայժմ չի վերանայում: "Բայց դա կարող է տեղի ունենալ ԵԱՏՄ-ից աստիճանաբար հրաժարվելու մասին ինչ-որ "ճանապարհային քարտեզի" առկայության դեպքում։ Միայն այն ժամանակ, երբ այդ մտադրությունները տեսանելի լինեն, հնարավոր կլինի խոսել մեկ ինտեգրացիոն նախագիծը մյուսով փոխարինելու մասին։ Սակայն, կրկնում եմ, ֆորմալ մակարդակում այդ գործընթացը տեղի չի ունենում։ Մինչդեռ, ԵՄ-ին անդամակցելու գործընթացը ենթադրում է միմյանց նկատմամբ կոշտ և բարդ պարտավորությունների կիրառում։ Եթե Եվրոպական միությունը մնա այնպիսին, ինչպիսին հիմա կա ՝ բոլոր իրավական, տնտեսական, քաղաքական և այլ առանձնահատկություններով, ապա խոսք չի կարող լինել ինչ-որ գործընթացների մասին, որոնք կարող են խոսել մոտ ապագայում ԵՄ-ին Երևանի միանալու մասին", - ընդգծել է Նավասարդյանը։
Միևնույն ժամանակ, նա նշել է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման հսկայական հեռանկարները, որոնք, գործնականում, չեն օգտագործվում։ Ավելին, Հայաստանի արտաքին առևտրում շատ ավելի մեծ տեղ է զբաղեցնում Ռուսաստանի Դաշնությունը, ընդ որում, ԵՄ տեսակարար կշիռը նվազում է, իսկ Ռուսաստանինն, ընդհակառակը՝ ավելանում։ Ուստի, այն, ինչ տեղի է ունենում "գետնի վրա", չի վկայում ԵՄ-ին երկրի անդամակցության հեռանկարների մասին ։
Խոսելով դեպի Եվրոպա Երևանի քայլերին ի պատասխան Մոսկվայի հնարավոր գործողությունների մասին՝ փորձագետը նշել է, որ նման զարգացումներ միշտ կարող են տեղի ունենալ։ "Դա տեսանելի է անզեն աչքով։ Հայաստանի վրա Ռուսաստանի կողմից գործադրվում է հզոր ճնշում, հատկապես, Մոսկվայի և Բաքվի լիակատար փոխըմբռնման պայմաններում, ինչը, անկասկած, Հայաստանի անվտանգության համար խիստ վտանգավոր գործոն է: Կարծում եմ, որ այժմ Ռուսաստանը ռազմաքաղաքական ոլորտում լուրջ խաղեր է սկսում Հայաստանի նկատմամբ, որպեսզի ազդի մեր երկրի քաղաքական ղեկավարության որոշումների կայացման վրա։ Բայց այս բոլոր հնարավոր քայլերը որևէ առնչություն չունեն ԵԱՏՄ-ի նման կառույցների հետ։ Դրանք, այնուամենայնիվ, անվտանգության թեմայի հետ կապված հարցեր են, որոնք պետք է տարբերել առևտրատնտեսական հարաբերություններից, որոնք ընկած են ինտեգրացիոն միավորումների հիմքում",-ամփոփել է ԵՄԱ նախագահը։
Նշենք, որ նախորդ շաբաթվա սկզբին հաղորդվել էր, թե մինչեւ այս տարվա աշուն Երեւանը մտադիր է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հայտ ներկայացնել: