Արմինֆո. Ռուսական կողմը տեղեկացվել է «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահներին դուրս բերելու հայկական կողմի նախաձեռնության մասին: Այդ մասին մարտի 7-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ այդպիսով հաստատելով նշված հարցի վերաբերյալ մարտի 6-ին ԱԽ քարտուղարի հայտարարությունը:
«Ես ուզում եմ ընդգծել, որ ի սկզբանե ռուսական սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում, այդ թվում՝ օրինակ «Զվարթնոց» օդանավակայանում, մտածված է եղել իբրև աջակցություն նորանկախ հայկական պետությանը, և նախատեսված է այս գործառույթը իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը կունենա: Եվ երբ Հայաստանը կունենա իր ինստիտուցիոնալ հնարավորությունները, այդ գործառույթը, բնականաբար, ամբողջությամբ կիրականացնի Հայաստանն՝ իր պատկան մարմինների միջոցով։ Եվ ահա, հիմա մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը, և այս մասին ծանուցել ենք ռուսական կողմին: Ենթադրում եմ, որ սա բավարար կլինի ռուսական կողմի համար, և հարցը այդքանով կլուծվի», - ընդգծել է Միրզոյանը:
ԱԳՆ հաղորդագրության համաձայն, անդրադառնալով մասնակցության չափի մասին հարցին՝ արտգործնախարարն ասել է. «Որքան գիտեմ, ամեն-ինչ տեղում է արված և իհարկե հարցը հասկանալիորեն տեխնիկական կողմեր ունի, բայց, այո՛, խոսքը ամբողջ փաթեթի, եթե կարող ենք այդպես անվանել, լիազորությունների ամբողջական կատարման մասին է։ Հայկական կողմը ծանուցել է ռուսական կողմին, որ «Զվարթնոց» օդանավակայանում իրականացվող սահմանապահ ծառայության մեջ, ըստ էության, այլևս ռուսական կողմի աջակցության, մասնակցության կարիքը չենք զգում՝ իհարկե, շնորհակալություն հայտնելով», - նշել է նախարարը:
Նա նաեւ հավելել է, որ ռուսական կողմին ծանուցումն արվել է համապատասխան ծառայությունների միջոցով: «Ինքս գուցե հիմա ճիշտ չներկայացնեմ տեխնիկական մանրամասները, բայց կարծում եմ, որ մեծ ժամկետների մասին չի խոսքը: Հայտարարությունը եղել է միայն «Զվարթնոց» օդանավակայանի մասին, հետևաբար, խոսում ենք «Զվարթնոցի» մասին»,- ամփոփել է Միրզոյանը: