Արմինֆո.Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան զարմանք է հայտնել Հայաստանի նկատմամբ ադրբեջանցի լրագրողների մեծ հետաքրքրության առնչությամբ: Մարտի 6-ին կայացած ճեպազրույցի ժամանակ, ի պատասխան ադրբեջանցի լրագրողի խնդրանքին ՝ մեկնաբանել հայ պաշտոնյաների մի շարք հայտարարություններ, այդ թվում ՝ ԵՄ հետ Հայաստանի մերձեցման քաղաքականության մասով, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ լավ կլիներ, եթե յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ, լինի դա Ադրբեջան, թե Հայաստան, հետաքրքրություն ցուցաբերեր սեփական երկկողմ օրակարգի հարցերի նկատմամբ։
Միևնույն ժամանակ, անդրադառնալով Եվրամիության հետ մերձենալու Երևանի պատրաստակամության մասին հայ պաշտոնյաների հայտարարություններին, ռուս դիվանագետը մաղթել է, որ Հայաստանը չարժանանա Ուկրաինայի ճակատագրին: "Հայաստանն անցել է իր ծանրագույն պատմական ուղին, որը ներառել է և ցեղասպանություններ, և սեփական ինքնիշխանության պաշտպանում, և սեփական մշակույթի համար պայքար, տարածքային բարդագույն հարցեր ու հակամարտություններ։ Այդ երկիրն ու այդ ժողովուրդն արժանի են խաղաղ ապրելու և ոչ մի դեպքում մանրադրամ չդառնալու արևմտյան անմաքուր քաղաքական գործիչների ձեռքում։ Ռուսաստանն անկեղծորեն խաղաղություն է ցանկանում Հայաստանին, քանի որ նա մեր հարևանն ու դաշնակիցն է։ Սա երկիր ու ժողովուրդ է, որի հետ մենք երկարատև պատմական կապեր ունենք։ Ի սրտե մաղթում ենք խաղաղություն, կայունություն և բարգավաճում այդ պետությանը, և այդ երկրի հանդեպ սիրո, և պրագմատիկայի տեսանկյունից", - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նրա խոսքով ՝ Հայաստանի բարեկեցությունից է կախված տարածաշրջանի ապագան։ "Բայց մենք տեսնում ենք, թե ինչպես Արևմուտքը, խաղալով և կոտրելով Ուկրաինան, նրան ծեծված տիկնիկի պես առանց ձեռքի ու ոտքի անկյուն նետելով, սկսում է նոր զոհ փնտրել։ Չստացվի այնպես, որ այդ նոր զոհը դառնա Հայաստանը, որին կգայթակղեն և կխաբեն։ Հայաստանն ունեցել է պատմական փորձ, թե ով, վերջիվերջո, իրեն օգնության կհասնի", - հավելել է Զախարովան։
Ընդ որում, նա ենթադրել է, որ Հայաստանում առանձին քաղաքական գործիչներ հանրապետության նկատմամբ ԵՄ-ի հանկարծակի մեծացած ուշադրությունն ընկալում են որպես համադարման: "Բայց պետք է խորքը նայել. ցավոք, մի շարք քաղաքական գործիչներ Հայաստանում չեն էլ մտածում, որ ՀՀ-ն վերածում են արևմտյան աշխարհաքաղաքականության, արևմտյան զվարճության հերթական գործիքի, պարզապես, ոչնչացնելու են։ Իսկ մեր աչքի առջեւ շատ են օրինակները, թե ինչպես է Արևմուտքը ցինիկաբար օգտագործում պետություններին իր կոնյունկտուրային շահերի համար, իսկ հետո, պարզապես, թողնում բախտի քմահաճույքին", - նշել է նա, համոզմունք հայտնելով, որ ԵՄ-ը վաղուց դադարել է հուսալի գործընկեր լինելուց։
Ընդ որում, Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է այն բանի ակնհայտ լինելը, որ հավաքական Արեւմուտքը Հայաստանը դիտարկում է որպես Հարավային Կովկասի տարածաշրջան մուտքի կետ:
"ԵՄ-ը վաղուց գործում է ի հեճուկս սեփական քաղաքացիների շահերի, միթե՞ դուք կարծում եք, որ նրանք հոգ կտանեն Հայաստանի և նրա քաղաքացիների մասին։ Եվ այս պայմաններում միանգամայն անպատասխանատու է ագրեսիվ և անվստահելի ԵՄ-ի հետ մերձեցման ձգտումը ներկայացնել որպես որևէ մեկի անվտանգության ապահովման ճանապարհ", - ամփոփել է Զախարովան։