Արմինֆո.Հայաստանը Երևանի "Զվարթնոց" օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին որոշում չի կայացրել, Ռուսաստանի պաշտոնական խողովակներով դրա մասին չի հաղորդվել: Այդ մասին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ռուսական "Գիտելիք" միության "Գիտելիք. Առաջինները" մարաթոնի ընթացքում:
"Որքան մենք հասկանում ենք, այդ առնչությամբ ինչ-որ որոշումներ չեն եղել։ Եվ պաշտոնական խողովակներով ոչ ոք մեզ այդ որոշումները չի հասցրել", - ըստ "ՌԻԱ Նովոստի"-ի՝ ասել Է Պեսկովը։
Միևնույն ժամանակ, նա վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում դժվարությունները կանցնեն, երկու երկրների միջև համագործակցությունը բացարձակապես փոխշահավետ է: "Ամենամոտ հարեւանները կարող են ունենալ մի շրջան, երբ հարաբերությունները կարող են լարված լինել, բայց այստեղ քաղաքական կամք է պահանջվում, մեր կողմից այն կա, կառուցողականություն եւ հեռատեսություն, երկու երկրների առաջնորդների քաղաքական հեռատեսություն. մեր կողմից այն նույնպես կա", - ասել Է Պեսկովը:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե ռուս սահմանապահները պետք է հեռանան "Զվարթնոց" միջազգային օդանավակայանից, հավելելով, որ հայկական կողմն ինքն է պաշտպանելու երկրի սահմանները: Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե Մոսկվան Երևանից դիմում չի ստացել այդ օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ: Իր հերթին՝ ԱԺ կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել էր, որ իր քաղաքական ուժին մտահոգում է ռուս սահմանապահների ներկայությունը, և այդ հարցով քննարկումներ են ընթանում: