Արմինֆո.ԱԺ "Հայաստան" խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը կարծում է, որ Մոսկվայի կողմից "կամ դուք մեզ հետ եք, կամ ՝ ոչ" ձևով հարցադրումը պետք է անմիջապես մերժել:
"Ես ցանկություն և ձգտում չունեմ մեկնաբանել Լավրովի խոսքերը, առավել ևս, որ նա հանդես է գալիս սխալ հայտարարություններով, այդ թվում՝ Արցախի հետ կապված", - մարտի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է պատգամավորը: Ընդ որում, ընդդիմադիր գործիչը նշել է, թե ակնհայտ է, որ Հայաստանն ունի միջազգային պարտավորություններ, այդ թվում ՝ ՀԱՊԿ-ի ստեղծման մասին փաստաթղթով։ ՀՀ այս և այլ միջազգային պարտավորությունները պարտադիր են կատարման համար, ընդգծել է նա։ "Հայաստանը, օբյեկտիվորեն, չի կարող ժխտել Ռուսաստանի դերը տարածաշրջանում։ Հակառակ դեպքում, դա կնշանակի ճանապարհ բացել թուրք-ադրբեջանական տանդեմի համար՝ Հայաստանը ոչնչացնելու համար։ Բայց Լավրովն էլ իրավունք չունի խոսել վերջնագրի լեզվով. նա պետք է հասկանա, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները պայմանավորված չեն անձերով", - հայտարարել է Մինասյանը, նշելով, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն բարեկամության և բարիդրացիության դարավոր պատմություն։ Այս առումով՝ պատգամավորը համոզված է, որ արմատապես սխալ է հայ ժողովրդի դիրքորոշմամբ հետաքրքրվել Փաշինյանից։ Անընդունելի է նաև <Կամ, կամ> ձևով հարցադրում անելը ։ "Ընդհակառակը, անհրաժեշտ է գտնել հարաբերությունների ամրապնդման մեխանիզմներ", - ամփոփել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով France24 հեռուստաալիքի հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, և հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, հայտարարել էր, որ Հայաստանի ղեկավարությունը որոշել է խաղադրույք կատարել արտատարածաշրջանային երկրների վրա, որոնք սիրաշահում են Երևանին և խոստանում օգնել բոլոր դժբախտություններում, միայն թե Հայաստանը խզի բոլոր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նրա խոսքով, եթե դա Հայաստանի ողջ ղեկավարության կարծիքն է, որը հիմնված է հայ ժողովրդի կարծիքի վրա, ապա անհրաժեշտություն է առաջանում վերանայել ռուս-հայկական հարաբերությունների ողջ համալիրը: "Այնպես որ, մենք բոլորս սպասում ենք, թե երբ մեզ պաշտոնապես կհաստատեն, թե ինչպիսին է լինելու Հայաստանի վերջնական որոշումը", - ասել էր Լավրովը ։