Արմինֆո.ՀՀ պետական սահմանը խախտած ադրբեջանցի զինծառայողին Հայաստանի կողմից Ադրբեջանին հանձնելը ոչ թե բարի կամքի, այլ ողորմելիության հերթական դրսևորում է։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այդպես է մեկնաբանել ադրբեջանցի սահմանախախտին Բաքվին հանձնելու մասին ՀՀ ԱԱԾ հաղորդագրությունը:
«Այսպիսով, որպես «բարի կամքի դրսևորում» հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել Հայաստան ներխուժած ադրբեջանցի զինվորին։ Եկեք ամեն ինչ կոչենք իրենց անուններով՝ ոչ թե բարի կամքի, այլ ողորմելիության հերթական դրսևորում։ Ադրբեջանական զնդաններում տառապում են մեր գերի-պատանդները։ Քիչ ժամանակ է անցել ադրբեջանցիների կողմից մեր չորս զինծառայողների սպանությունից հետո։Նման խայտառակություն որևէ պետություն իրեն թույլ չէր տա։Նման երկրին, նրա ղեկավարին, աշխարհի բոլոր երկրների ղեկավարները կարհամարհեն ու կզզվեն։ Ներեցեք՝ բայց կարհամարհեն նաև այդ երկրի ժողովրդին նույնպես, որ հանդուրժում է նման իշխանություն», - գրել է Իշխանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Հիշեցնենք. մարտի 4-ին ԱԱԾ-ը հաղորդել էր, որ Ադրբեջանին է հանձնել փետրվարի 28-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը հատած ադրբեջանցի զինծառայող Ռուսլան Փենախովին՝ որպես բարի կամքի դրսևորում: