Արմինֆո. Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը միջազգային հանրությանը հանդիմանել է անգործության համար՝ օկուպացված Արցախում ադրբեջանական ռեժիմի կողմից իրականացվող վանդալիզմի ֆոնին:
"Մինչ միջազգային հանրությունը լուռ հետևում է էթնիկ զտումների ենթարկված Լեռնային Ղարաբաղում եկեղեցիների խաչերի քանդմանը, գերեզմանատների և հուշարձանների ոչնչացմանը, Ալիևի բռնապետական ռեժիմը քանդում է Արցախի խորհրդարանի շենքը ՝ ժողովրդավարության բուն խորհրդանիշը։ Հետո ինչ է լինելու, մզկի՞թ եք կառուցելու",- գրել է Բալայանը:
Նշենք, որ մարտի 3-ի ուշ երեկոյան համացանցում տարածվել են Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի խորհրդարանի և "Ազատամարտիկների" շենքերի քանդման հուսահատեցնող կադրեր: Ադրբեջանցի բարբարոսները պղծել են նաև օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցին։